Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Բարեգործությունը բումերանգ է». «Հերացի» ավագ դպրոցի հերթական բարեգործական համերգը

«Բարեգործությունը բումերանգ է». «Հերացի» ավագ դպրոցի հերթական բարեգործական համերգը

Մեկ տասնամյակից ավելի է յուրաքանչյուր տարի, Ամանորին ընդառաջ ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցը հանդես է գալիս բարեգործական նախաձեռնություններով: Ավանդույթի համաձայն, նոյեմբեր-դեկտեմբերին անցկացվում է աշակերտների ձեռքի աշխատանքների և քաղցրավենիքների ցուցահանդես-տոնավաճառ, որից ստացած հասույթն ուղղվում է բարեգործական տարբեր նախաձեռնությունների:

«Հերացի» ավագ դպրոցի տնօրեն Նարինե Սարգսյանը մանրամասնելով բարեգործական ծրագրի մասին՝ շնորհավորական և ոգևորիչ խոսքեր հղեց ներկաներին և դպրոցի աշակերտներին: Ավանդաբար համերգային ծրագիրն անցակվեց ԵՊԲՀ կարմիր դահլիճում:

«Այսօր մեզ համար հիշարժան օր է. մեր սիրելի հերացիականներն ամփոփում են այն բարին, որ կարողացան ստեղծել 2023 թվականին: Հպարտությամբ կարող եմ ասել, որ վստահություն է ներշնչում ձեր կեցվածքը, ձեր դաստիարակությունը, արժեհամակարգը: Համոզմունքով կարող եմ ասել, որ մեր ապագան ոչ միայն հուսալի ձեռքերում է, այլ շատ բարի ձեռքերում է: Բարին պետք է ուժեղ լինի, և այդ ուժը ձեզ տալիս է այն գիտելիքը, այն մշակույթը, որը դուք ստանում եք դպրոցում: Բարին պետք է լինի և՛ անհաշիվ, և՛ ուժեղ, և բարին պետք է լինի ամենօրյա:

Կեցցե՛ք դուք, կեցցե՛ն ձեր ուսուցիչները»,-շնորհավորելով գալիք տոների առթիվ ասաց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ մեծապես կարևորելով նաև մանկավարժական անձնակազմի աշխատանքն ու դերակատարումը երիտասարդ սերնդի արժեհամակարգի ձևավորման գործում:

«Հերացի» ավագ դպրոցի աշակերտները «Բարեգործությունը բումերանգ է» խորագրով բարեգործական համերգի շրջանակում հանդես եկան գեղեցիկ երաժշտական և պարային կատարումներով՝ հանդիսականներին պարգևելով տոնական բարձր տրամադրություն։

Ցուցադրվեց փոքրիկ տեսանյութ ավագ դպրոցի հաջողությունների ու գործունեության մասին: