Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բաց դռների օր` դասախոսների և ապագա դիմորդների մասնակցությամբ Հանրային առողջության ֆակուլտետում

Բաց դռների օր` դասախոսների և ապագա դիմորդների մասնակցությամբ Հանրային առողջության ֆակուլտետում

Պրակտիկ գիտելիք և հմտություն.  այն հիմնական  սկզբունքներն են, որոնք դրված են Հանրային առողջության ֆակուլտետի ուսումնառության հիմքում: Մայիսի 17-ին ֆակուլտետում բաց դռների օր էր կազմակերպված` նպատակ ունենալով մասնակիցներին ծանոթացնել առարկաներին ու հետագա  հնարավորություններին:

Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանը ներկայացնելով «Առողջապահության կազմակերպում և կառավարում» մագիտրոսական ծրագիրը տեղեկացրեց, որ այն ունի հստակ առաքելություն և տեսլական:

«Մեր նպատակն է պատրաստել հանրային առողջապահության մասնագետներ, որոնք ժամանակակից գիտելիքի և ունակությունների շնորհիվ ունակ են իրականացնելու  անհրաժեշտ բարեփոխումները ոլորտում` միտված բնակիչության առողջության պահպանմանը և ամրապնդմանը»,- ասաց նա` որպես տեսլական մատնանշելով բնակչության բարեկեցության առաջնահերթությունների ապահովումը և առողջապահության հասանելիության հավասար պայմանները:

Դեկանը շեշտեց` ոչ միայն այս, այլև մագիստրոսական մյուս ծրագրերի շրջանավարտներն այսօր առողջապահական համակարգում առաջատար զբաղվածություն ունեն, աշխատում են պետական սեկտորում,  միջազգային և մասնավոր հաստատություններում:

Առողջապահության կազմակերպման բնագավառում մեծ փորձ ունեցող  մասնագետ, Հանրային առողջապահության մագիստրոս, ԱՄՆ կառավարության «Խաղաղության կորպուս» բժշկական ծառայության ղեկավար Նաիրա Ղարախանյանն (Director of Volunteer Health) արդեն 12 տարի աշխատում է Հանրային առողջության ֆակուլտետում`  համալսարանական այս ստորաբաժանման հիմնադրման հենց սկզբից:

«Տարեցտարի տեսնում եմ շատ ավելի գրագետ, ավելի ոգեշնչված ուսանողներ, շատ որակյալ ավարտական աշխատանքներ, որոնք բարձր եմ գնահատում»,- միջոցառմանն իր կարծիքն արտահայտեց դասախոսը` հավելելով, որ  ֆակուլտետի ուսանողների շրջանում մեծ առաջընթաց է  նկատում:

Հանրային առողջությունը գործունեության  լայն դաշտ է, որտեղ սինթեզված են ինչպես կրթական, այնպես էլ սոցիալական, իրավական, այլ ուղղություններ:  Նրա հիմնական ցանկությունն է, որպեսզի ավարտողները գտնեն իրենց համապատասխան աշխատանք այս բնագավառում:

Հանրային առողջապահության մասնագետ, ֆակուլտետի դասախոս Մարտին Ալեքսանյանն ընդգծեց, որ տեսական գիտելիքից զատ այստեղ առանձնանում է գործնական բաղադրիչն ու փորձը, դասախոսները ուսանողներին որպես կոլեգաներ են մոտենում:

Արևիկ Ստեփանյանը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի կլինիկական հետազոտությունների և քաղցկեղի ռեգիստրի բաժնի ղեկավարն է: Բժշկական բուհի Ընդհանուր բժշկության ֆակուլտետն ավարտելուց հետո նա իր մասնագիտական ուղին շարունակել է Հանրային առողջության  ֆակուլտետում` ցանկանալով ոչ միայն  նեղ բժշկական մասնագիտությամբ աշխատել, այլև առավել մեծ ոլորտում, որն ունի լայն հնարավորություններ:

«Իմ կյանքում կարևոր էր այս ֆակուլտետն ավարտելը, քանի որ այն տվեց ինձ այն պրակտիկ և տեսական գիտելիքը, որը ես այսօր օգտագործում եմ իմ առօրյա աշխատանքում»,- ասաց ֆակուլտետի շրջանավարտը:

Հանրային առողջության ֆակուլտետ կարող են ընդունվել, ինչպես բժշկական, այնպես էլ ոչ բժշկական կրթությամբ դիմորդներ (առնվազն բակալավրի աստիճանով):

«Առողջապահության կազմակերպում և կառավարում» մագիստրոսական ծրագրի շրջանակներում ուսանողները ստանում են խորը և բազմակողմանի գիտելիքներ հանրային առողջության և առողջապահության կազմակերպման վերաբերյալ: Հանրային առողջության ֆակուլտետի դասախոսական կազմը համալրված է  ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի և հրավիրված մասնագետներից` ՀՀ առողջապահության նախարարությունից, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից, միջազգային կազմակերպություններից (Global Fund, WHO, Red Cross, World Vision, UNICEF, UNAIDS, Peace Core, Oxfam, Clean Choice և այլն):

Ֆակուլտետն ուսանողներին տրամադրում է 5 անվճար տեղ, որոնց կարող են դիմել միայն այս տարվա շրջանավարտները: Ընդունելության դիմումներն ընդունվելու են 2024թ-ի հունիսի 16-ից մինչև օգոստոսի 25-ը: Անվճար տեղերի համար դիմումներն ընդունվելու են 2024թ-ի հունիսի 17-ից մինչև հուլիսի 4-ը ներառյալ:

Ընդունելությունն իրականացվում է հարցազրույցի և ՄՈԳ-ի հիման վրա: Ծրագրի ավարտին շնորհվում է հանրային առողջապահության մագիստրոսի որակավորում (MPH):

Նշենք, որ Հանրային առողջության ֆակուլտետի մագիստրոսական ծրագրերի տևողությունը 1,5 տարի է: Որպեսզի ուսանողները կարողանան համատեղել ուսումը աշխատանքի կամ օրդինատուրայի հետ դասերը ֆակուլտետում անցկացվում են շաբաթական 3 օր, երկու հերթով: Դասերի հերթն ընտրում է ուսանողը:

Դիմորդները կարող են ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը  Հանրային առողջության ֆակուլտետի դեկանատ (վարչական մասնաշենք 3-րդ հարկ):