Բիոէթիկայի համաշխարհային օրը․ ուշագրավ փաստեր և առանձնահատկություններ

Բիոէթիկայի համաշխարհային օրը․ ուշագրավ փաստեր և առանձնահատկություններ

2005 թվականի հոկտեմբերի 19-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունեց «Բիոէթիկայի և մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը»:

Դրանից 10 տարի անց՝ 2015 թվականին, «Բիոէթիկայի միջազգային ամբիոնը» հոկտեմբերի 19-ը պաշտոնապես հայտարարեց Բիոէթիկայի համաշխարհային օր:

Նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը կենսաբանության, բժշկության և առողջապահության ոլորտներում ծագող բարոյական, էթիկական և իրավական խնդիրների վերաբերյալ:

Իսկ ի՞նչ է բիոէթիկան. բիոէթիկան ուսումնասիրում է այն սահմաններն ու էթիկական նորմերը, որոնք պետք է պահպանվեն գիտական ու բժշկական առաջընթացի ընթացքում: Այն անդրադառնում է հետևյալ հիմնական հարցերին.

  • Մարդու իրավունքներ և արժանապատվություն բժշկության մեջ (պացիենտի տեղեկացված համաձայնություն, գաղտնիության պահպանում):
  • Ժամանակակից տեխնոլոգիաների էթիկա (գենետիկ ինժեներիա, կլոնավորում, արհեստական բեղմնավորում, արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ):
  • Փորձեր (կենդանիների և մարդկանց մասնակցությամբ գիտական հետազոտությունների էթիկական կողմերը):
  • Առողջապահության հավասար հասանելիություն (հասարակական պատասխանատվություն և առողջության իրավունք):

Բիոէթիկայի համաշխարհային օրվա հետ կապված կան մի քանի ուշագրավ փաստեր և առանձնահատկություններ է ներկայացնում «Հերացի» վերլուծական կենտրոնը:

Ամեն տարի ընտրվում է նոր գլխավոր թեմա, քանի որ օրը պարզապես օրացուցային ամսաթիվ չէ, այլ ունի հատուկ ուղղվածություն: Օրինակ, տարբեր տարիների թեմաներից են եղել «Սոցիալական պատասխանատվություն և առողջություն», «Ապագա սերունդների պաշտպանություն», «Բիոէթիկան համավարակների ժամանակ» և «Մարդկային խոցելիությունն ու անհատական ձեռնհասությունը»:

Այս օրվա առթիվ «Բիոէթիկայի միջազգային ամբիոնը» ողջ աշխարհի ուսանողների համար կազմակերպում է մրցույթներ՝ լավագույն էսսեի, պոստերի, կարճամետրաժ ֆիլմի կամ լուսանկարի համար:

Բիոէթիկայի օրվա քննարկումները հաճախ շոշափում են թեմաներ, որոնք նախկինում համարվում էին գիտական ֆանտաստիկա՝ գենետիկորեն ձևափոխված երեխաներ, մարդկային կլոնավորում, արհեստական բանականության կողմից բժշկական ախտորոշումների կայացում կամ մարդկային կյանքի տևողության արհեստական երկարաձգում:

Աշխարհի ավելի քան 200 բժշկական համալսարաններում և հետազոտական կետրոններում գործում են «Բիոէթիկայի ամբիոնի» մասնաճյուղեր (ներառյալ տարածաշրջանային կենտրոնները), որոնք հոկտեմբերի 19-ին միաժամանակ կազմակերպում են սեմինարներ, ֆիլմերի դիտումներ և բանավեճեր:

Արհեստական բանականության էթիկան բժշկության և առողջապահության ոլորտում այսօր ամենաթեժ քննարկվող թեմաներից է: Երբ ԱԲ-ն սկսում է մասնակցել ախտորոշմանը, բուժման պլանավորմանը կամ պացիենտների տվյալների մշակմանը, առաջանում են լուրջ բարոյական և իրավական հարցեր.

ԱԲ համակարգերը սովորում են այն տվյալների հիման վրա, որոնք փոխանցվում են իրենց: Եթե տվյալները հավաքագրված են եղել հիմնականում մեկ ռասայի, տարիքային կամ սեռային խմբի մարդկանցից, ԱԲ-ն կարող է սխալ կամ ոչ ճշգրիտ արդյունքներ տալ այլ խմբերի համար:

Էթիկական պահանջն է՝ ապահովել ԱԲ-ի ուսուցման տվյալների բազմազանությունն ու արդարությունը:

Խորը մեքենայական ուսուցման (Deep Learning) որոշ ալգորիթմներ աշխատում են այնքան բարդ եղանակով, որ նույնիսկ ստեղծողները չեն կարողանում հստակ բացատրել, թե ինչպես համակարգը հանգեց տվյալ եզրակացությանը:

ԱԲ-ն ճշգրիտ աշխատելու համար պահանջում է հսկայական ծավալի բժշկական տվյալներ (ռենտգեն նկարներ, գենետիկ տվյալներ, հիվանդության պատմություններ):

Ինչպե՞ս պաշտպանել պացիենտների անձնական տվյալները հաքերային հարձակումներից կամ առանց համաձայնության առևտրային նպատակներով օգտագործումից: Բժշկությունը միայն տեխնիկական ախտորոշում չէ, այլև հոգեբանական աջակցություն և էմպատիա: ԱԲ-ն չի կարող փոխարինել մարդկային կարեկցանքին, ուստի վտանգ կա, որ բժշկությունը կարող է դառնալ չափազանց անանձնական:

Այս պատճառով ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մշակել են ԱԲ էթիկայի հատուկ ուղեցույցներ, որոնք պահանջում են, որ ԱԲ տեխնոլոգիաները ծառայեն մարդու բարօրությանը, լինեն թափանցիկ, արդար և վերահսկվեն մարդկանց կողմից:

2025 թվականի հունվարին ներկայացրինք հանրությանը կլինիկական օրդինատորների և բժիշկ մասնագետների  համար նախատեսված «Բժշկական էթիկա» ուսումնական ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը,  որը նվիրված է Հայաստանում բժշկական էթիկայի հիմնահարցերին։  

Համալսարանական մասնագետների համահեղինակությամբ ու գրախոսությամբ կարճ ժամանակ առաջ լույս նաև տպագիր տեսած ձեռնարկը ներառում է բժշկական էթիկայի սոցիալ-փիլիսոփայական վերլուծություն, իրավաբանական հարցերի ներկայացում, բժիշկ պացիենտ, բժիշկ-բուժաշխատող և բժիշկ-հասարակություն հարաբերությունների կանոնները։

Ուսումնական ձեռնարկը մշակվել է «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ։