Բրիտանացի առաջատար պլաստիկ վիրաբույժի դասախոսությունը՝ բժշկական բուհում

Բրիտանացի առաջատար պլաստիկ վիրաբույժի դասախոսությունը՝ բժշկական բուհում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվեց Բիրմինգհեմի քաղաքային համալսարանի վերքերի ուսումնասիրությունների պրոֆեսոր, այրվածքների խորհրդատու և պլաստիկ վիրաբույժ Սթիվեն Ջեֆրիի դասախոսությունը։

Սթիվեն Ջեֆրին Բիրմինգհեմ քաղաքի առաջին ռազմական պլաստիկ վիրաբույժն էր, ինչպես նաև այնտեղի այրվածքների թիմի մի մասը: Նա երեք անգամ այցելել է Աֆղանստան, որտեղ բժշկական օգնություն է ցույց տվել զինծառայողներին: Ռազմական պլաստիկ վիրաբուժության բժշկական և բուժքույրական թիմերի զարգացման գործում ունեցած ներդրման համար Սթիվ Ջեֆրին 2011 թվականին արժանացել է «Ռազմական քաղաքացիական գործընկերության» մրցանակի։

Նույն թվականին նա համահիմնել է Woundcare 4 Heroes բարեգործական հիմնադրամը, որը մեծ ներդրում է կատարում ինչպես գործող, այնպես էլ վետերան անձնակազմի վերքերի խնամքի հարցում:

Սթիվեն Ջեֆրին 2020 թվականի պատերազմի և 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում վառելիքի պայթյունի ժամանակ որոշում է կայացրել գալ և օգնություն ցույց տալ կամավոր հիմունքներով:

Բրիտանացի մասնագետի դասախոսության թիրախային լսարանն էր պլաստիկ, դիմածնոտային վիրաբուժության օրդինատորներ, վնասվածքաբաններ, այրվածքաբաններ: