Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բուժաշխատողներն իրենց մասնագիտական տոնին արյան դոնոր էին

Բուժաշխատողներն իրենց մասնագիտական տոնին արյան դոնոր էին

«Հերացի» համալսարանական հիվանդանոցի բուժաշխատողները  մասնագիտական օրվա շրջանակում այսօր արյան դոնորության հանրօգուտ նախաձեռնությամբ հանդես եկան:

 «Միջոցառման գլխավոր նպատակն այն է, որ արյան դոնորությունը շարունակական պրոցես է և չի սահմանափակվում միայն մեկ օրով` հունիսի 14-ով: Արյուն միշտ պետք է և անվարձահատույց դոնորության տարածմանն ուղղված նախաձեռնությունները պարբերական են:  Բժիշկներն այսօր որոշել են իրենց արյունը նվիրել իրենց իսկ պացիենտների կյանքի փրկությանը»,- կոլեգաներին հանրապետությունում հունիսի 21-ին նշվող Բուժաշխատողի օրվա առթիվ շնորհավորելով մանրամասնեց համալսարանական համալիրի Կլինիկական ախտորոշիչ լաբորատորիայի ղեկավար, Արյունաբանական կետի պատասխանատու Գայանե Պետրոսյանը:

Շուրջ երկու տասնյակ համալսարանական, ոչ միայն տարբեր բաժանմունքների, պոլիկլինիկայի բուժաշխատողներ, ղեկավար կազմի ներկայացուցիչներ, այլև սովորողներ` կլինիկական օրդինատորներ մասնակցեցին վաղ առավոտից մեկնարկած արյունատվությանը:

Արյունաբանական կետի թերապևտ, հիվանդանոցի ապահովագրական հարցերի ծառայության ղեկավար Աննա Կարապետյանի կարծիքով`  բուժաշխատողները ոչ միայն բուն իմաստով են կյանքեր փրկում, այլև արյուն հանձնելով, որը նույնպես կյանք փրկելու խորհուրդ ունի:

Արտյոմ Աբովյանը` Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի կլինիկական օրդինատոր է, նաև Ընդունարանի և անհետաձգելի բուժօգնության բաժնի հերթապահ բժիշկ:

Կրկին մարդկանց օգնելու ցանկությունն է նրան մղել մասնակցել  այս միջոցառմանը` ինչպես նաև տարիներ առաջ` պատերազմի օրերին:

Նույն բաժնի վիրակապարանի բուժքույր Անահիտ Շահինյանը նույնպես դոնորների շարքում էր.

«Նախկինում ևս հանձնել եմ արյուն: Որոշեցի այսօր էլ մասնակցել և՛ այլոց օգնելու, և՛ իմ առողջության պահպանման համար, քանի որ հայտնի է, որ դոնորը կրկնակի օգուտ է բերում և իրեն, և նրան, ում փոխներարկում են նրա արյունը»:

Ամփոփելով հագեցած, հետաքրքիր օրը ևս մեկ անգամ ընդգծենք, թե ինչու է օգտակար արյան դոնոր լինելը:

Պարբերաբար արյան դոնոր դարձողների  մոտ ավելի հազվադեպ է  գրանցվում սրտամկանի ինֆարկտ:

Օրգանիզմն արյան կորստի նկատմամբ դառնում է կայուն:

Խթանվում է արյան արտադրությունը և օրգանիզմն ավելի է երիտասարդանում:

Տեղի է ունենում իմունային և մարսողական համակարգի, ենթաստամոքսային գեղձի, լյարդի և աթերոսկլերոզ հիվանդությունների կանխարգելում:

Բեռնաթափվում են փայծաղն ու լյարդը:

Դոնորները սովորական մարդկանցից միջին հաշվով 5-8 տարով ավել են ապրում: