Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բուժհաստատությունների կառավարիչների 8-րդ սերունդը մեկնարկեց նոր ուսումնական տարին

Բուժհաստատությունների կառավարիչների 8-րդ սերունդը մեկնարկեց նոր ուսումնական տարին

ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետի «Բուժհաստատությունների կառավարում» (MBA in Healthcare Management) մագիստրոսական կրթական ծրագիրը սկսում է նոր ուսումնական տարին: 2024-2025 ուսումնական տարում ծրագիրն ունի 35 մասնակից, որոնք ընտրվել են մրցութային կարգով:

Բուժհաստատությունների ղեկավարների, բժիշկների և առողջապահական կազմակերպությունների աշխատակիցների համար իրականացվող մեկ տարի տևողությամբ դասընթացը բժշկական բուհում կազմակերպվում է արդեն 8-րդ անգամ:

Ծրագրի մասնակիցներին ողջույնի խոսք հղեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ մաղթելով նրանց բարի երթ:

«Մենք արդեն 8-րդ տարին է, որ աշխատում ենք մեր հարգարժան գործընկերների հետ: Յուրաքանչյուր սերունդ, որն ավարտեց այս ծրագիրը, միայն պատիվ բերեց թե՛ համալսարանին, թե՛ «Մենեջմենթ Միքս» ընկերությանը: 8 սերնդով՝ ձեզ հետ միասին, մենք կարողացանք ձևավորել կազմակերպիչների նոր շերտ, որոնք օժտված են հմտություններով, ակադեմիական գիտելիքով և, անշուշտ, սոցիալական պատասխանատվությամբ: Համոզված եմ, որ ձեզնից յուրաքանչյուրն ունի իր համար նախատեսված, ծրագրված, ապագայում հաջողությունների, վերելքների ինչ-որ աստիճան: Հավատացնում եմ, որ ավարտելով այս 10 ամիսը բարիք կստեղծեք ձեր և հանրության համար: Սա մեր կարևորագույն առաքելությունն է»,-նշեց բուհի ղեկավարը:

Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանի խոսքով՝ այս ծրագիրը մեր երկրում բացառիկ է, որովհետև համատեղում է բիզնեսն ու առողջապահությունը: «Ծրագիրը տրամադրում է այն գիտելիքը, որն այսօր շատ անհրաժեշտ է բժշկական հաստատությունների կառավարման համար, թե ինչպես կառավարել բժշկական հաստատությունները, բժշկական համակարգերը: Առաջ շարժվելու, հաջողությունների հասնելու համար անհրաժեշտ է մասնագիտական գիտելիք կառավարման վերաբերյալ, որովհետև կառավարումն այսօր մասնագիտություն է»,- ընդգծեց Հանրային առողջության ֆակուլտետի դեկանը՝ մանրամասն ներկայացնելով դասապրոցեսի վերաբերյալ մանրամասներ:

«Մենեջմենթ Միքս» ընկերության հիմնադիր-տնօրեն Րաֆֆի Սեմերջյանը դասընթացի մեկնարկին անդրադարձ կատարեց նաև գրանցած հաջողություններին, առաջիկա անելիքներին:

Նշենք, որ «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական ծրագիրն իրականացվում է ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետի կողմից` «Մենեջմենթ Միքս» միջազգային խորհրդատվական կազմակերպության հետ համատեղ: Ավարտին մասնակիցներին շնորհվում է բիզնես վարչարարության մագիստրոսի որակավորում բուժհաստատություների կառավարման բնագավառում: