«Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական ծրագրի 4-րդ տարվա մասնակիցներն ավարտեցին ուսումնառությունը: Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի գրադարանում կառավարիչների հերթական սերնդին ավարտական դիպլոմներ հանձնեցին ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանը և «Մենեջմենթ Միքս» ընկերության հիմնադիր-տնօրեն Րաֆֆի Սեմերջյանը:
Բժշկական համալսարանի ղեկավարը շնորհավորելով շրջանավարտներին՝ մաղթեց նորանոր հաջողություններ: Արմեն Մուրադյանը խորհուրդ տվեց սահմանել նպատակներ, տարանջատել դրանք և հասնել նախանշվածին՝ օգտագործելով կառավարչական այն գիտելիքները, որոնք ստացել են այս կրթական ծրագրին մասնակելով:
«Մենեջմենթ Միքս» ընկերության հիմնադիր-տնօրեն Րաֆֆի Սեմերջյանն ընդգծեց, որ ծրագրի հաջողությունը պայմանավորված է ստեղծման հենց սկզբից հստակ տեսլական, առաքելություն և ռազմավարություն ունենալով:
Նրա փոխանցմամբ՝ ծրագիրը ոչ միայն Հայաստանում, այլև հայրենիքի սահմաններից հեռու ձեռք է բերել ճանաչում: Չնայած նրան, որ ծրագիրն ի սկզբանե մշակվել է բուժհաստատությունների ղեկավարների, բժիշկների և առողջապահական կազմակերպությունների աշխատակիցների համար, մասնակցում են նաև մարդկային ռեսուրսների կառավարմամբ զբաղվողները, կառավարման ոլորտում գիտելիքները կատարելագործել ցանկացող տարբեր մասնագիտություններ ունեցողները:
Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանը փաստեց, որ մեր օրերում կառավարիչների անհրաժեշտությունը հրամայական է: Նրա գնահատմամբ՝ մասնակիցները ստացած գիտելիքները արդեն մի քանի տարի է առաջին հերթին կիրառում են ի նպաստ բնակչության առողջության պահպանման, բուժհաստատությունների զարգացման և բժշկական ծառայությունների որակի բարձրացման:
Շրջանավարտ, ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի դասախոս, ՀՀ ԱՆ Մաշկանաբության ազգային կենտրոնի փոխտնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը կուրսընկերների անունից շեշտեց, որ ծրագրի շնորհիվ մասնակիցները ոչ միայն կառավարման ոլորտի կարևոր գիտելիքներ ստացան, այլև ընկերացան, ինչը հետագա համագործակցության, ամուր ընկերության հիմք է: Նա շնորհակալություն հայտնեց փորձառու դասախոսներին մոտեցման և փոխանցած հմտությունների համար:
Նշենք, որ Բիզնես վարչարարություն որակավորմամբ «Բուժհաստատությունների կառավարում» (MBA in Healthcare Management) մեկ տարի տևողությամբ մագիստրոսական կրթական ծրագիրն իրականացվում է Երևանի պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի կողմից`«Մենեջմենթ Միքս» միջազգային խորհրդատվական կազմակերպության հետ համատեղ: