Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բժշկական բուհն ունի 10 անվանական կրթաթոշակառու

Բժշկական բուհն ունի 10 անվանական կրթաթոշակառու

Հրավիրված նիստը ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ՝ իր առաջարկով, վարեց ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախագահ Միշել Քոչարյանը։

Ռեկտորատի ամենշաբաթյա նիստերը տարեկան երկու անգամ այս ձևաչափով անցկացնելը միտված է, որպեսզի ուսանողական կառույցը՝ սովորողների շահերն առաջնորդելով` մասնակից դառնա համալսարանի կառավարման մեխանիզմներին, բուհական տարաբնույթ գործընթացներին, ինչպես նաև օրակարգային հարցերի քննարկմանը։

Ապագա բժիշկները յուրաքանչյուր ուսումնական տարի հնարավորություն ունեն մրցութային ընթացակարգով ստանալու անվանական կրթաթոշակներ՝ սահմանված անվանի բժիշկ-գիտնականների, բժշկապետերի և պատերազմի հերոսի անուններով:

Ուսումնամեթոդական վարչության պետ Մարինե Հայրապետյանի կողմից 2024-2025 ուսումնական տարվա անվանական կրթաթոշակի հավակնորդ ուսանողները ներկայացվեցին ռեկտորատի անդամների երաշխավորությանը` Գիտական խորհրդի նիստում հաստատվելու համար:

Ընդհանուր բժշկության ֆակուլտետից անվանական կրթաթոշակների էին հավակնում`6-րդ կուրսից՝ «Մխիթար Հերացու» անվան Արաքսի Գասպարյանը, «Լևոն Հովհաննիսյանի» անվան՝ Մոնիկա Ավալյանը, «Վահան Արծրունու» անվան՝ Աշխեն Ղազարյանը, «Գրիգոր Արեշյանի» անվան՝ Նելլի Եղիյանը և «Բարդուղիﬔոս Ֆանարջյանի» անվան՝ Լուսինե Հակոբյանը:

Ստոմատոլոգիական ֆակուլտետից «Կառլեն Եսայանի» անվան կրթաթոշակի էին առաջադրված՝ 5-րդ կուրսից Սյուզաննա Գրիգորյանը, «Ռուբեն Յոլյանի» անվան՝ Յուրի Ազբեկյանը, իսկ  Դեղագիտական ֆակուլտետից` «Էմիլ Գաբրելյանի» անվան կրթաթոշակի էին հավակնում 5-րդ կուրսի ուսանող Գոհար Խուդոյանը և 4-րդ կուրսից՝ Մադլենա Ծատուրյանը՝ «Հակոբ Հովհաննիսյանի» անվան:

Ռազմաբժշկական ֆակուլտետից` «Մերուժան Ստեփանյանի» անվան կրթաթոշակի հավակնորդը 5-րդ կուրսի կուրսանտ Արամ Հակոբյանն էր:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ անվանական կրթաթոշակառուները 104-ամյա համալսարանի այցեքարտն են։

Բուհի ղեկավարը հետաքրքրվեց բարձր կուրսի ուսանողների հետագա մասնագիտացմամբ` շեշտադրելով այն բարձր պատասխանատվությունը, որը ենթադրում է կրթական այս հեղինակավոր կարգավիճակը։

Նշենք, որ հավակնորդների առջև ԵՊԲՀ համապատասխան կանոնակարգով  դրված են մի շարք պահանջներ՝ այդ թվում բացարձակ առաջադիմություն, օտար լեզուների իմացություն, հասարակական ակտիվություն:

Ռեկտորատի նիստում անդրադարձ կատարվեց ուսումնական բազմաթիվ հարցերին։ Ըստ ոլորտների՝ պատասխանատուները զեկուցեցին ստոմատոլոգիական, դեղագիտական, հետբուհական և շարունակական կրթության կրթական ծրագրերի միջազգայնացմանն ուղղված աշխատանքների ընթացքի մասին։ Համալսարանական մյուս ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին  կրթական, գիտական, կլինիկական, այլ ուղղություններով շաբաթվա ամփոփ կատարողականը, ինչպես նաև տրվեցին հանձնարարականներ։