Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բժշկական բուհում անցկացվեց Եվրոպական ուրոլոգիայի դպրոցի (ESU) դասընթացը

Բժշկական բուհում անցկացվեց Եվրոպական ուրոլոգիայի դպրոցի (ESU) դասընթացը

Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի (ՀՈՒԱ) 24-րդ տարեկան համագումարի շրջանակում սեպտեմբերի 28-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվեց Եվրոպական ուրոլոգիայի դպրոցի (European School of Urology -ESU) դասընթացը։

Աշխատանքային երկրորդ օրը ևս հագեցած էր։

Այն անցկացվում էր մասնագիտական այս միավորման նախագահ Ռուբեն Հովհաննիսյանի համակարգմամբ։

Նախքան մասնագիտական քննարկումը Եվրոպական ուրոլոգիայի դպրոցի դասընթացի նախագահ, նյարդաբան Խուան Իգնասիո Մարտինես Սալամանկան ներկայացրեց դպրոցը՝ որպես եզակի կրթական հարթակ աշխարհի ուրոլոգների համար։

«Դպրոցի ստեղծման հիմքում համաեվրոպական փիլիսոփայությունն է։ Դպրոցի կազմում ներառված է շուրջ 200 փորձագետ։ Ունենք 28 հազարից ավելի մասնակից։ Դասընթացներն ամեն տարի թարմացվում են, կազմակերպվում են հանդիպումներ, տրամադրվում են կրթաթոշակներ», – մանրամասնեց իսպանացի մասնագետը՝ գոհունակությամբ հայտնելով, որ Հայկական ուրոլոգիական ասոցիացիան ևս հայտ է ներկայացրել՝ անդամակցելու Եվրոպական ուրոլոգիայի դպրոցին։

Սեպտեմբերի 28-ը նվիրված էր շագանակագեղձի քաղցկեղի վերաբերյալ վերջին նորությունների քննարկմանը։

Ֆրանսիայի Կրետեյ քաղաքից ժամանած Ալեքսանդր Ինգելսն իր զեկույցը սկսեց Հայաստանի և Ֆրանսիայի միջև ջերմ ու բարեկամական հարաբերությունների վկայակոչմամբ։ Նա ներկայացրեց Եվրոպական ուրոլոգիական ասոցիացիայի կլինիկական ուղեցույցները շագանակագեղձի քաղցկեղի վերաբերյալ: Ելույթի ընթացքում Ալեքսանդր Ինգելսն անդրադարձավ շագանակագեղձի քաղցկեղի կառավարմանը, դրա հսկողությանը, ճշգրիտ ախտորոշման և բուժման արդյունավետ մեթոդներին, շագանակագեղձի քաղցկեղի սքրինինգի ապագային։

Իտալիայի Միլան քաղաքից ժամանած Կիարա Մերչինելլին խոսեց օլիգոմետաստատիկ շագանակագեղձի քաղցկեղի առաջնային ուռուցքի և մետաստազների բուժման մասին:

ԵՊԲՀ ռեկտոր, Ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի վարիչ, ՀՈՒԱ-ի պատվավոր նախագահ Արմեն Մուրադյանը խոսելով ուրոլոգիայի դպրոցի մասին նշել էր, որ այն մեծ մասնագիտական իրադարձություն է ուրոլոգների համար․

«Մեր համայնքը կարողացել է ձեռք բերել այդ հնարավորությունը, որ համագումարի շրջանակում կազմակերպվի նաև Եվրոպական ուրոլոգիական դպրոց, և դա, անշուշտ, բերում է որակական փոփոխության։ Փոխվում է երիտասարդների մտածելակերպը, ընդլայնվում են տեխնոլոգիական հնարավորությունները։ Այս դպրոցի ազդեցությունը լայն է՝ մտածողությունից մինչև կիրառական կողմ»։

Կլինիկական դեպքերի ինտերակտիվ քննարկման շրջանակում հայ ուրոլոգները և ESU զեկուցողները միմյանց հետ կիսվեցին փորձով, գիտելիքով և հմտություններով։

Ուրոլոգիական տարեկան ամենամեծ ստուգատեսը մեր երկրում ամփոփեց երկօրյա աշխատանքը` քննարկելով հաջողությունները և ուրվագծելով մեծ արագությամբ զարգացող այս բնագավառի ապագան։