Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բժշկական բուհը դիմավորեց դեղագիտական ֆակուլտետի առաջին կուրսեցիներին`ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի լսարանում

Բժշկական բուհը դիմավորեց դեղագիտական ֆակուլտետի առաջին կուրսեցիներին`ակադեմիկոս  Էմիլ Գաբրիելյանի լսարանում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետի դեկան Բագրատ Ենոքյանն այսօր հանդիպեց առաջին կուրսի ուսանողների հետ: Հանդիպումներն անցկացվեցին երկու փուլով՝ հաշվի առնելով կորոնավիրուսային համաճարակը, ինչպես նաև խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոնները:

Բագրատ Ենոքյանը ողջունելով ապագա դեղագետների մուտքը բժշկական մայր բուհ՝ շեշտեց մասնագիտության առանձնահատկությունների և կարևորության մասին:

 

«Սիրելի ուսանողներ, շնորհավորում եմ ձեզ՝ այս բարդ արգելքը հաղթահարելու և ԵՊԲՀ ուսանող դառնալու առիթով: Գիտեմ, որ հեշտությամբ չեք անցել այդ ճանապարհը, ուրեմն արժանի եք այստեղ գտնվելուն: Ցանկանում եմ, որ ձեր աշխատանքը շարունակի արդյունք տալ»,-նշեց դեկանը՝ հավելելով, որ խորհրդանշական է նաև այն, որ ուսանողների առաջին մուտքը անցնում է այն լսարանում, որը կրում է դեղաբան, բժիշկ ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անունը:

 

Բագրատ Ենոքյանը ներկայացրեց ուսումնական գործընթացին վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձավ ուսանողների իրավունքներին ու պարտականություններին:

 

Նրա խոսքով՝ դեղագետի մասնագիտությունը լայն դռներ կարող է բացել ապագա դեղագետների առջև, սակայն դա կախված է նրանց գիտելիքների պաշարից, լավ մասնագետ դառնալու ձգտումներից:

«Գործունեության շատ լավ ասպարեզ կա: Դուք ամեն տեղ մրցելու եք մեկ այլ մասնագետի հետ, օրինակ գործարանում աշխատելու ժամանակ հաճախ մեր մրցակիցը կարող է լինել քիմիկոսը, բժշկական հաստատությունում՝ բժիշկը, և այսպես շարունակ: Սա նշանակում է, որ գնահատվելու է ոչ թե թուղթը՝ դիպլոմը, այլ ձեր կրթության որակը: Ավարտելուց կարող եք զբաղվել և՛ գիտական, և՛ կրթական, և՛ մասնագիտական գործունեությամբ, կարող եք դասավանդել ուսումնական հաստատություններում»,-ընդգծեց դեկանը:

Նշենք, որ 2021-2022 ուսումնական տարում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետ է ընդունվել 90 ուսանող