Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բժշկական բուհը հյուրընկալեց Ղազախստանի դեսպանին

Բժշկական բուհը հյուրընկալեց Ղազախստանի դեսպանին

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը հյուրընկալեց Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին՝ բուհի ղեկավարը ներկայացրեց 100-ամյա բժշկական դարբնոցի պատմությունը, համալսարանական հիվանդանոցների և «Զինվորի տան», ՔՈԲՐԵՅՆ (COBRAIN) գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակի գործունեությունը: Արմեն Մուրադյանը տեղեկացրեց, որ ԵՊԲՀ շրջանավարտները հաջողությամբ աշխատում են աշխարհի 40 երկրում։ Բժշկական համալսարանում կրթություն է ստանում շուրջ 2000 օտարերկրացի ուսանող աշխարհի 33 երկրից։

Բուհի ղեկավարը զրույցի ընթացքում կարևորեց ծրագրային միջազգային հավատարմագրման գործընթացը, որի արդյունքում համալսարանն է՛լ ավելի կընդլայնի արդյունավետ փոխգործակցությունն աշխարհի առաջատար բժշկական հաստատությունների հետ։

«Ռազմաբժշկական ֆակուլտետի գործունեությունը Պաշտպանության նախարարության հետ մեր համատեղ աշխատանքի վառ օրինակն է։ Ռազմական բժշկությունը զարգացման տեսանկյունից պետք է լինի բժշկագիտության գագաթնակետին», – ընդգծեց Արմեն Մուրադյանը։

Դեսպանի գնահատմամբ՝ ԵՊԲՀ-ն Հայաստանի Հանրապետությունում բժշկական կրթության առաջամարտիկն է։

«Բժշկական կրթությունը համաշխարհային միտում է․ այն պետության զարգացման ցուցանիշներից է, իսկ ռազմաբժշկական ուղղությունն այդ գործում ամենակարևորն է», – շեշտեց Բոլատ Իմանբաևը՝ նկատելով, որ առկա են լավագույն պայմանները՝ հայ-ղազախական փոխշահավետ համագործակցության ամրապնդման համար։

Դիվանագետը հատկապես ընդգծեց հայ բժշկության բարձր պրոֆեսիոնալիզմը։

«Ուրախ ենք, որ մեր ուսանողները ևս արժանի կրթություն են ստանում այս հնագույն և որակյալ համալսարանում», – հավելեց Բոլատ Իմանբաևը՝ երախտագիտություն հայտնելով ղազախ կուրսանտների հանդեպ ուշադիր և հոգատար վերաբերմունքի համար։

Զրուցակիցները կարևորեցին հանդիպման անցկացումը Ղազախստանի անկախության տոնի (դեկտեմբերի 16-ին) նախօրեին, ինչպես նաև կրթական հարցերի պարբերաբար քննարկումների անհրաժեշտությունը, փորձի փոխանակմանն ուղղված նախաձեռնությունները։