Միջբուհական գործակցությունը զարգացնելու նպատակով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը և Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն այսօր համագործակցության հուշագիր են ստորագրել:
Ընդունելով առողջապահության ոլորտի իրավական հիմնահարցերի՝ ակադեմիական մակարդակում հետազոտման անհրաժեշտությունը, գիտակցելով մեր երկրում առողջապահական իրավունքի զարգացման հրամայականը՝ երկու բուհերը նպատակադրել են խթանել համագործակցությունը համատեղ կրթական ծրագրերի, միջոլորտային հետազոտական նախագծերի շուրջ:
Ստորագրված հուշագրով մասնավորապես նախատեսված է համատեղ մշակել և ներդնել առողջապահական իրավունքի ոլորտում մագիստրոսական կրթական ծրագիր, լրացուցիչ կրթության ծրագրեր, դասընթացներ:
Երկու համալսարանների ղեկավարները հաստատակամություն հայտնեցին, որ նպատակ ունեն նաև մշակել համատեղ ռազմավարություն առողջապահական իրավունքի կրթական ծրագրերին սովորողների ներգրավման ուղղությամբ, ինչպես նաև ընդլայնել համագործակցությունը միջառարկայական հետազոտությունների զարգացման ոլորտում, խթանել հրապարակումների և գիտական նյութերի փոխանակումը:
Ռեկտորները նշեցին, որ ջանք չեն խնայի, որպեսզի համալսարանական համակարգում լավագույն կրթական ավանդույթներն ունեցող բուհերը համատեղ ծրագրերի իրականացումը շարունակական դարձնեն:
Առողջապահության ոլորտի իրավական հիմնախնդիրներին նվիրված համատեղ գիտաժողովներ, սեմինարներ, ամառային/ձմեռային դպրոցներ և գիտական միջոցառումների կազմակերպումը ևս կլինի ուշադրության կենտրոնում:
Նշենք, որ սահմանված նպատակների իրագործման և համագործակցության ընդլայնման համար կստեղծվեն համատեղ աշխատանքային խմբեր: