Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բակում` «Կանաչներ» ուսանողական հատվածում կայացավ առաջին կուրսեցիների դիմավորման հանդիսավոր արարողությունը։
Ազդարարելով 2025-2026 ուսումնական տարվա մեկնարկը՝ ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը սրտանց ողջունեց «Հերացի» մեծ ընտանիքին միացած առաջին կուրսեցիներին։
«Հաղթահարելով դժվար քննությունները՝ այսօր դուք հավաքագրվել եք այն մեծ սպիտակ բանակին, որի պատասխանատվությունն է մարդկանց առողջությունն ու կյանքը։ Առաջին հերթին, ցանկանում եմ, որ այս տարիներին դուք անկեղծ սիրեք այն, ինչ ընտրել եք։ Եվ հավատացնում եմ ձեզ՝ եթե դա այս տարիների ընթացքում ինչ-որ չափով ձեզ չհաջողվի, բոլորիդ համար ամենամեծ քննությունը կլինի՝ արդյոք դուք ճիշտ ընտրություն եք կատարել՝ գալով բժշկի պատասխանատու ուղուն։ Բժշկական համալսարանի երկար ու ձիգ, դժվար տարիները ձեզ կսովորեցնեն, առաջին հերթին, պատասխանատվության խորը զգացողությունը, պատասխանատվություն, որը ձևավորում են այն ճերմակ խալաթները, որոնք այսօր առաջին անգամ դուք կրում եք։ Սա վիթխարի պատասխանատվություն է, իմացե՛ք, որ անկախ նրանից՝ դուք կլինեք խալաթով թե արդեն առանց դրա, մարդկանց աչքերում մշտապես տեսնելու եք, որ իրենք ձեզ վստահում են, որովհետև բժշկի հեղինակությունը մեծ իշխանություն է, մեծ պատասխանատվություն է, որը պետք է լինի ոչ միայն ձեր վարքագծով, ձեր հոգեբարոյական կերպարը ձևավորելով, այլ երկար տարիների ընթացքում ձևավորված ձեր գիտահեն մոտեցումներով, ձեր նախաձեռնողականությամբ, ձեր անսպառ բարությամբ»,- ասաց ռեկտորը` վստահեցնելով, որ չկան հաջողված բժիշկներ, չկան անվանի բժիշկներ, որոնք ուրիշի ցավով, ուրիշի խնդիրներով չեն ապրել։
«Այսօրվանից ձեր ժամանակը ձերը չէ, ձեր անձնական տարածությունը ձերը չէ, այսօրվանից դուք ընտրել եք մի ուղի, որտեղ հիմնականում ապրելու եք այլոց խնդիրներով, ցավով և միանալու եք մի մեծ ընտանիքի, որը 100 տարի շարունակ ծառայել է մեր ժողովրդին և այլ ժողովուրդների, որոնք հեռավոր երկրներից ընտրել են Հայաստանը՝ սովորելու համար։ Դուք այսօրվանից միանում եք այդ մեծ ընտանիքին, որի ձեռքերում ծնվել են ձեր ծնողները, ձեր պապերը և տատերը, 100 տարի շարունակ այս շենքում սովորողները կարողացել են մեր ժողովրդին պարգևել առողջություն և բոլոր արհավիրքների պահերին, լինեն դրանք պատերազմներ, թե համաճարակներ, լինել առաջամարտիկ։ Լինի անհատ թե ամբողջ մի ժողովուրդ, պետք է հիշե՛ք, որ հերացիականներն իրենք գիտելիքով, իրենց կարգապահությամբ, իրենց պատասխանատվությամբ եղել են առաջամարտիկ։ Ես ձեզ խոստանում եմ, որ այստեղ դուք կստանաք այն ամենն, ինչ այսօր կարող են ստանալ բժշկություն ընտրած առաջավոր բուհերի բոլոր ուսանողները։ Դրա հետ մեկտեղ ես ձեզ խոստանում եմ, որ ձեր ուսուցիչներին անպայման կկարողանաք ոչ միայն ճանաչել, լսել, տեսնել, ընդօրինակել, այլև նրանց հանդեպ հարգանք ու սեր տածել։ Նրանք անհատականություններ են, որոնք ձևավորել են սերունդներ, դուք ի սկզբանե նրանց հանդեպ պետք է լինեք ծայրահեղ պատկառանքով»,- շեշտեց Արմեն Մուրադյանը` հավելելով, որ տասնյակ տարիների ընթացքում ձևավորված սերունդներ այսօր այստեղ դասավանդում են, և առաջին կուրսեցիները նրանց հետ ծանոթանալու են, աշխատելու են և առաջին սերունդը չեն, որ վայելելու են նրանց խստապահանջությունը։
Նաև դրա արդյունքում կձևավորվի ևս մեկ սերունդ, որը կկոչվի «Հերացիականներ» և հպարտորեն ու վստահությամբ կանցնի ազնվաբարո գործունեությանը։
«Բարի՛ գալուստ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան», – հանդիսավոր հայտարարեց բուհի ղեկավարը։
Հաջորդիվ, ըստ ֆակուլտետների, դեկանները, կրթության պատասխանատուներն առաջին կուրսեցիներին ներկայացրին ուսումնական գործընթացին վերաբերող բոլոր մանրամասները, պատասխանեցին հետաքրքրող հարցերին։