2022 թվականի ձեռքբերումներն ու իրականացված աշխատանքները ներկայացվեցին նաև Գիտական խորհրդի անդամների ուշադրությանը դեկտեմբերի 28-ին հրավիրված նիստում:
Բժշկական բուհը 2023 թվականին միջազգային հավատարմագրման համար դիմում է ներկայացնելու Բժշկական կրթության համաշխարհայի ֆեդերացիային (WFME): Այս մասին նիստի ընթացքում որպես կարևոր և շարունակական գործընթաց նշեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը.
«Միջազգային հավատարմագրման գործըթնացին նախապատարստվելն այս տարվա ձեռքբերումներից է: Այս ամենը հնարավոր է անել ՝ հաշվի առնելով տասնյակ տարիների՝ պրոֆեսիոնալ մարդկանց ներուժը, և, իհարկե, ուսանողության ընկալումները, ըմբռնումներն այն ծրագրի շուրջ, որն առաջարկել ենք»:
Ներկայացնելով նաև Հոգաբարձուների նիստում կատարած աշխատանքների հաշվետվությունը` ռեկտորի զեկույցի առանցքում էին կրթական ծրագրերը, դրանց բարելավումը:
«Վստահաբար կարող եմ ասել, որ բժշկական համալսարանը հարթում է օրինակելի ճանապարհ»,- ընդգծեց բժշկական բուհի ղեկավարը:
Զուգահեռ Գիտական խորհուրդը երաշխավորեց ուսումնական գրականության տպագրության ցանկը, ինչպես նաև փակ քվեարկությամբ պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհեց դիմած թեկնածուներին:
Շնորհավորելով գալիք տոների առթիվ` ԵՊԲՀ ռեկտորը շնորհակալություն հայտնեց կատարած աշխատանքի համար` մաղթելով համալսարանականներին ամենայն բարիք, նոր ձեռքբերումներ և խաղաղ օրեր: