Նախորդ ուսումնական կիսամյակում ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի դասախոսները՝ գիտական, մանկավարժական աշխատանքին զուգահեռ կամավորական սկզբունքով հոգեբանական աջակցություն են տրամադրել բազմաթիվ քաղաքացիների, ովքեր տուժել էին 2023թ. սեպտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով, բռնի տեղահանվել էին:
Տուժածների մեծամասնությունը տեղափոխվել էին հանրապետության տարբեր բուժհաստատություններ` այդ թվում «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց, Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն, «Արմենիա», «Էրեբունի», «Աստղիկ» «Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոններ:
Սեպտեմբերի 29-ի դրությամբ պայթյունի հետևանքով վիրավորում ստացած քաղաքացիների թիվը 290 էր։ Տուժածներին Երևան տեղափոխելուց հետո Երևանի բժշկական հոգեբանության ամբիոնի աշխատակիցներ Նաիրա Ազատյանը, Գայանե Ղազարյանը, Անի Եղիազարյանը, Անահիտ Տեր-Ստեփանյանը, Տաթևիկ Առաքելյանը և Լիաննա Թերզյանը անմիջապես կամավոր սկզբունքներով իրենց մասնագիտական աջակցությունն են տրամադրել վերոնշյալ բուժհաստատություններում: Հոգեբանական աջակցություն է ցուցաբերվել տուժածներին (արականսեռի, 15-70 տարեկան), նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև բուժաշխատողներին։ Որոշ ժամանակ հետո աշխատանքը շարունակվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի համատեղ ծրագրերի շրջանակում։
Հոգեբանական աջակցության աշխատանքներն իրականացվել են 2 փուլով:
Առաջնային հոգեբանական աջակցության տևողությունը բուժհաստատությունում՝ սեպտեմբերի 28-ից դեկտեմբերի 20-ը։ Կիրառվել են հետևյալ մեթոդները՝ հոգեվիճակի պարբերական գնահատում, հոգեհուզական վիճակի կարգավորում, հոգեկրթում, հոգեկարգավորման հմտությունների ուսուցում։
Երկրորդային փուլի տևողությունն է 2024թ.-ի հունվարի 4-ից մարտի 30-ը, իրականացվել է անհատական (առցանց/առերես) և խմբային աջակցություն ամբուլատոր պայմաններում («Ինթրա» հոգեկան առողջության կենտրոն)։
Անհատական աշխատանքի ընթացքում կիրառվել են ԿՎԹ, էքզիստենցյալ, այցելուակենտրոն, հիպնոթերապևտիկ–ռելաքսացիոն թերապևտիկ ուղղություններից տեխնիկաներ:
Տարբեր աստիճանի այրվածքներ ստացած և բռնի տեղահանված մեր հայրենակիցները Երևանի հիվանդանոցներ տեղափոխվելուց հետո մշտապես գտնվել են համալսարանական հոգեբանների ուշադրության կենտրոնում և նրանց հետ երկարատև և հետևողական աշխատանքի արդյունքում այսօր այրվածքների ապաքինմանը զուգահեռ՝ նրանց շրջանում գործնականում բացակայում են հոգեկան առողջության ծանր խնդիրները, որոնք սովորաբար բնորոշ են լինում նման վիճակում հայտնված մարդկանց: