Բժշկական համալսարանը՝ European Researchers’ Night Armenia-ի շրջանակում

Բժշկական համալսարանը՝ European Researchers’ Night Armenia-ի շրջանակում

Այս տարի Հայաստանում անցկացվեց համաեվրոպական European Researchers’ Night Armenia (ERNA) գիտակրթական նախաձեռնությունը, որի նպատակն էր նպաստել գիտության հանրայնացմանը, խթանել հանրության գիտական հետաքրքրասիրությունը և ստեղծել անմիջական հաղորդակցություն հետազոտողների ու հանրության միջև։

Այս կարևոր նախաձեռնության շրջանակում ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնը, Սրտաբանության, Գաստրոէնտերոլոգիայի և Հեպատոլոգիայի ամբիոնները երկու օր շարունակ ներկայացված էին միջոցառմանը՝ մեկտեղելով գիտական համայնքի ներկայացուցիչներին, ուսանողներին և գիտությամբ հետաքրքրված տարբեր ոլորտների մասնագետների։

Տաղավարում երկու օր անցկացվեցին տարբեր տարիքի և մասնագիտական հետաքրքրությունների այցելուների համար նախատեսված գիտակրթական ինտերակտիվ նախաձեռնություններ՝ հնարավորություն տալով անմիջականորեն հաղորդակցվելու գիտության հետ և բացահայտելու դրա տարբեր ուղղությունները։

Այցելուները հնարավորություն ունեցան նաև ծանոթանալու ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնին և նրա գործունեությանը, իրենց հետաքրքրող հարցերը քննարկելու թիմի անդամների հետ։

Միևնույն ժամանակ, Սրտաբանության, Գաստրոէնտերոլոգիայի և Հեպատոլոգիայի ամբիոնների մասնակցությունը հնարավորություն տվեց ներկայացնելու բժշկության գիտական և կլինիկական ուղղությունների սերտ կապը՝ ցույց տալով, թե ինչպես են գիտության ու հետազոտությունների արդյունքները կիրառվում կլինիկական պրակտիկայում։

Այս երկու օրերը ևս մեկ հնարավորություն էին խոսելու գիտության դերի մասին և ցույց տալու, թե ինչպես է գիտությունը կապվում բժշկության և կլինիկական պրակտիկայի հետ՝ գիտական բացահայտումներից մինչև դրանց կիրառումը մարդու առողջության պահպանման և բժշկական առաջընթացի մեջ։

Գիտությունը միայն լաբորատորիայի պատերի ներսում չէ․ այն հարցեր տալու, ուսումնասիրելու, փորձարկելու և նոր բացահայտումների ճանապարհ է, որը խորացնում է մարդու առողջության մասին մեր գիտելիքները։

Գիտությունը սկսվում է հետաքրքրությունից։ Իսկ հետաքրքրությունը՝ մեկ հարցից։