Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բժշկականը հղկել է գերազանցությամբ սովորած շրջանավարտին՝ պատրաստելով բժշկի մասնագիտության հետագա դժվարություններին

Բժշկականը հղկել է գերազանցությամբ սովորած շրջանավարտին՝ պատրաստելով բժշկի մասնագիտության հետագա դժվարություններին

Անի Սարգսյանը սովորել է ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետում, գերազանցությամբ ավարտել բուհը: Նա այժմ սրտաբանության գծով կլինիկական օրդինատոր է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում:

«Ես միշտ մարդկանց օգնելու անվերջանալի ցանկություն եմ ունեցել, իսկ բժշկի առաքելությունն իմ աչքերում ամենաանձնվերն ու անփոխարինելին է: Դեռ փոքրուց ինձ համար տպավորիչ էր, թե ինչ հիացմունքով ու հարգանքով են ծնողներս խոսում բժիշկների մասին, և ինձ համար էլ բժիշկները միշտ յուրահատուկ անձիք են եղել: Լինել նրանցից մեկը, մեծ երազանք էր, որը հետագայում դարձավ կյանքիս կարևորագույն նպատակներից մեկը»,- պատմում է նա:

Ապագա բժիշկը խոստովանում է, որ ուսանողական տարիներն ամենաանմոռանալի տարիներ են, դրանք իր կյանքի կարևոր փուլերից են եղել և անհերքելի դեր ունեցել իր հասունացման, որպես անհատ կայացման գործում: «Բժշկական մայր բուհում սովորելու վեց տարիների ընթաքցքում հասցնում ես առնչվել կյանքի տարբեր խնդիրների հետ, և համալսարանը բացի մասնագիտական գիտելիքներից, սովորեցնում է արագ կողմնորոշվել, չընկճվել, չխառնվել և փորձել ճիշտ լուծումներ գտնել, որքան էլ, որ բարդ խնդրի առաջ կանգնած լինես: Համալսարանը կարծես հղկել է ինձ և դարձրել պատրաստ բժշկի մասնագիտության հետագա դժվարությունները հաղթահարելու, ինչի համար երախտապարտ եմ նաև դասախոսներիս»,-նշում է Անի Սարգսյանը:

Նրա խոսքով, ուսումնասիրելով բժշկության տարբեր ճյուղերը՝ համոզվել է, որ ամենահետաքրքիրն իր համար սրտաբանությունն է:

«Սիրտ-անոթային համակարգում կատարվող մեխանիզմներն անդադար մտածելու, ուսումնասիրելու, պրպտելու և հասկանալու ցանկություն են առաջացրել ինձ մոտ: Շատերն ասում են, որ դժվար մասնագիտություն եմ ընտրել, բայց հենց դա է, որ ինձ մոտիվացնում է, առաջ մղում և մեծ ցանկություն առաջացնում լինել լավագույններից մեկն ու նաև սեփական ներդրումն ունենալ սրտաբանության զարգացման գործում»,-ընդգծում է ԵՊԲՀ շրջանավարտը:

Ըստ նրա, հասկանալով մասնագիտության հանդեպ մեծ պատասխանատվությունը, շատ է կարևորում լավ սովորելը, անընդհատ ինքնակրթվելը, զարգանալը, մշտապես տեղեկացված լինելը նորագույն բուժման մեթոդների վերաբերյալ, կատարելագործման ձգտումը:

Անին ընտանիքում երկրորդ բժիշկը կլինի: Նրա եղբայրը՝ Հովհաննես Սարգսյանը, ևս մասնագիտությամբ բժիշկ է, ռեանիմատոլոգ-անեսթեզիոլոգ: