Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բժշկի համար հոգատարությունը բնավորության առաջնային գիծն է

Բժշկի համար հոգատարությունը բնավորության առաջնային գիծն է

ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Մարինե Սարգսյանի համար բժշկությունն ամենահոգեհարազատ ոլորտն է, որն իր մեջ ամփոփում է ամենամարդկային հատկանիշները, պահանջում է տոկունություն և կամք: 

«Ութերորդ դասարանից սկսել եմ հետաքրքրվել տարբեր մասնագիտություններով, մտածում էի, թե ինչով կցանկանամ զբաղվել իմ ողջ կյանքի ընթացքում, որպեսզի անընդհատ նոր բաներ բացահայտելու, ուսումնասիրելու հնարավորություն ունենամ։ Արդյունքում ամենագրավիչն ինձ համար բժշկության ոլորտն էր, քանի որ սա այն ճյուղն է, որի շնորհիվ կարողանում ես օգնել մարդկանց. մարդասիրությունն ամենից շատն եմ կարևորում»,-նշում է նա։ 

Կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում ապագա բժիշկն ակտիվ մասնակցություն է ունեցել: Ամեն օր բախվելով տարբեր իրավիճակների՝ վարակի կանխարգելման, հիվանդների ապաքինման, կյանքեր փրկելու համար՝ բազմաթիվ դժվարություններ է հաղթահարել՝ բժշկական բուհի հարյուրավոր սովորողների նման ամուր կանգնելով բժիշկների, իր ավագ գործընկերների, ուսուցիչների թիկունքին։   

«Աշխատել եմ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում որպես բժշկի օգնական, կամավորական սկզբունքով։ Covid 19-ով վարակված հիվանդների հետ աշխատելու ընթացքում ձեռք բերեցի բժշկական փորձ, ինչպես նաև հասկացա պացիենտների հետ շփման նրբությունների կարևորությունը՝ հոգատարությունն առաջնային բնավորության գիծ դարձնելով»,-ընդգծում է Ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողը։ 

Նեղ մասնագիտության ընտրության հարցում, Մարինե Սարգսյանը դեռ չի կողմնորոշվել. քանի որ իր համար բժշկության բոլոր ճյուղերը կարևոր են և հետաքրքիր։ 

Նրանց, ովքեր ցանկանում են ընտրել բժշկի ուղին, ապագա բժիշկը խորհուրդ է տալիս սիրով ընտրել այս մասնագիտությունը, լինել պատասխանատու և պատրաստ լինել ցանկացած դժվարության հաղթահարման: