Բժշկական բուհում նվիրյալներին չեն մոռանում: Մարդիկ, բժիշկ-գիտնականներ, որոնք կարևոր ներդրում են ունեցել բժշկագիտության տարբեր ոլորտների զարգացման, սերունդների կրթման, լավագույն ավանդույթների պահպանման և տարածման գործում: Բժշկագիտության նվիրյալներից էր անվանի հիգիենիստ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գայանե Գերասիմի Նիկողոսյանը, որի մասին կրտսեր գործընկերները տասնամյակներ անց բժշկական համալսարանում հիշում են հատուկ ակնածանքով և սիրով:
«Գայանե Գերասիմովնան երեխաների և դեռահասների հիգիենայի դպրոցի ստեղծողն է ու հիմանդիրը: Շատ զարգացած ու բարձր ինտելեկտի տեր անձնավորություն էր: Մասնագետ, որի խոսքը ծանրակշիռ էր և լսելի ոչ միայն Հայաստանում, այլև ԽՍՀՄ երկրներում»,- ավագ ուսուցչուհուն հիշելով՝ պատմում է ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Լարիսա Ավետիսյանը:
Գայանե Նիկողոսյանը ոչ միայն նրա ավագ ուսուցիչն էր, այլև թեկնածուական ատենախոսության ղեկավարը, մարդ, մասնագետ, կազմակերպիչ, որից կարելի էր անվերջ սովորել, որի խորհուրդը, աշխարհայացքն արժեքավոր էր ոչ միայն մասնագիտական հարցերում, այլև կյանքում:
«Այնքան խորն էին գիտելիքները գրականությունից ու պատմությունից, որ կարող էր մրցել ցանկացած գրականագետի հետ»,- նկատում է Լարիսա Ավետիսյանը:
Նա անձամբ ականատես է եղել, թե ինչպես են Գայանե Նիկողոսյանին՝ որպես Երեխաների և դեռահասների միութենական պրոբլեմային հանձնաժողովի անդամ, գնահատել Մոսկվայում անցկացվող ամենամյա համագումարների ընթացքում արտերկրի գործընկերների հետ հիգիենայի արդի հարցեր քննարկելիս:
Գործընկերների գնահատմամբ՝ Գայանե Նիկողոսյանին դեռ տասնամյակներ առաջ հաջողվել է և վեր հանել ոլորտի արդի խնդիրները: Նա մասնագիտական գործունեության երկար տարիներ նվիրել է երեխաների, դեռահասների առողջության պահպանման խնդիրներին, միջավայրի գործոնների նորմավորմանը: Պատահական չէ, որ հայկական առաջին տառատեսակի չափի և ձևի հիգիենիկ նորմավորման հեղինակման գործում ևս հաշվի է առնվել բժիշկ-գիտնականի մասնագիտական կարծիքը:
Առաջիկայում՝ աշնանը, Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի նախաձեռնությամբ բժշկական բուհում կանցկացվի բժիշկ-գիտնականի 100-ամյա հոբելյանին նվիրված համաժողով, որի շրջանակում կքննարկվեն մի շարք արդի հարցեր, այդ թվում՝ թվային հիգիենայի վերաբերյալ: Քննարկվող հարցերի շրջանակում կլինեն այնպիսի խնդիրներ, որոնց մասին դեռևս տարիներ առաջ բարձրաձայնել է պրոֆեսոր Նիկողոսյանը, կարծես կանխազգալով ոլորտի առջև ծառացած այսօրվա մարտահրավերները:
Գայանե Նիկողոսյանը ծնվել է 1921թ. հուլիսի 12-ին Թիֆլիսում: Բժշկական բուհի շրջանավարտն ինստիտուտն ավարտել է 1943-ին, և նույն թվականից մասնագիտական բեղուն ուղին սկսել է հարազատ կրթօջախում: 1959-1985թթ. երեխաների և դեռահասների հիգիենայի ամբիոնի վարիչն էր, այնուհետև Սանիտարահիգիենիկ և ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկանը, 1970-1989թթ. եղել է ՀԽՍՀ առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանության գլխավոր մասնագետը, 1949 թվականին ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ 1969թ.-ին արժանացել է բժշկական գիտությունների դոկտորի, 1970թ.՝ պրոֆեսորի կոչման: Հիգիենիստների հասարակական խորհրդի, ինչպես նաև երեխաների և դեռահասների հիգիենայի ԽՍՀՄ պրոբլեմային հանձնաժողովի անդամ էր:
Գիտական գործունեությունը նվիրված է եղել դպրոցականների առողջական վիճակի, ֆիզիկական զարգացման, աշխատունակության, մանկական հաստատությունների նախագծման հարցերի ուսումնասիրմանը և հիգիենիկ նորմերի մշակման հարցերին:
Բազմաթիվ գիտական հրապարակումների, այդ թվում «Երեխաների ուսումնա-դաստիարակչական պրոցեսի կազմակերպումը» (1976) աշխատության, «Երեխաների և դեռահասների հիգիենա» (1967) դասագրքի հեղինակն է:
1992թ.-ից նա ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ: Նրա օրինակով ընտանիքի անդամները ևս ընտրել են բժշկի ուղին՝ տարբեր ոլորտներում ծավալելով մասնագիտական գործունեություն, բարձր պահելով հերացիական լինելու պատիվը: