Ստոմատոլոգիական ֆակուլտետն այս ամռանն ավարտելուց հետո Դավիթ Խաչատրյանն ուսումնական նոր տարվանից կսովորի կլինիկական օրդինատուրայի 1-ին կուրսում:
Խոսելով մասնագիտության ընտրության մասին՝ նա ընդգծում է, որ դեռ մանկուց հետաքրքրություն է ունեցել բժշկության նկատմամբ, որն ավելի է ամրապնդվել գիտակից տարիքում և վերածվել նպատակի՝ դառնալ բժիշկ՝ համատեղելով գիտելիքը, հմտություններն ու մարդկային կարեկցանքը:
«Հայրս մասնագիտությամբ ստոմատոլոգ է, մայրս՝ կենսաքիմիկոս: Կարծում եմ, որ մասնագիտական ընտրության մեջ շատ կարևոր նշանակություն է ունեցել այս հանգամանքը, քանի որ մարդու օրգանիզմի և կենսագործունեության նկատմամբ հետաքրքությունը պայմանավորված է նաև ծնողներիս մասնագիտությամբ, ընտանիքում գերիշխել են այս թեմաներով զրույցները»,-նշում է ապագա բժիշկը։
Նա ուրախ է, որ համալսարանում ուսումնառության ընթացքում ձեռք է բերել ոչ միայն մասնագիտական գիտելիք, այլև մեծ կարողություններ։
«Առաջին հերթին ձեռք ես բերում համբերատարություն և պատասխանատվություն ուսման և ընտրած մասնագիտության նկատմամբ։ Ինչպես նաև օգնում է ձևավորել վերլուծական մտածողություն, հասկանալ պատճառահետևանքային կապերը, որոնք բժշկության ոլորտում աշխատելու կարևոր նախապայմաններից են: Ինձ համար մեծ արժեք ունի նաև համակուրսեցիների հետ ընկերական շփումը, ովքեր հետագայում, վստահ եմ, կդառնան նաև գործընկերներ, ինչպես նաև փորձառու բժիշկներից սովորելու հնարավորությունը, որը հետագայում կստեղծի առողջ և հուսալի հենարան մասնագիտական ոլորտում»,-ասում է Դավիթ Խաչատրյանը։
Սովորել բժշկություն, ըստ նրա, նշանակում է չընդհատվող կրթություն և կատարելագործում:
«Բայց հենց այդ դժվարության մեջ է այս մասնագիտության ուժն ու արժեքը։ Այս ոլորտում յուրաքանչյուր քայլ ունի մեծ կարևորություն, սխալը կարող է ճակատագրական լինել։ Հենց այդ պատասխանատվության մեջ է այս մասնագիտության արժեքը: Պետք է հիշել, որ բժշկությունը ոչ միայն հիվանդությունը հաղթահարելու միջոց է, այլև կյանքի արժեքի գիտակցման հնարավորություն»,– ասում է ապագա բժիշկը:
Գաղտնիք չէ, որ տեխնոլոգիաները զարգանում են ակնթարթային արագությամբ, դրանց կիրառումը մեծ նշանակություն ունի նաև բժշկության մեջ:
«Չպետք է մոռանալ, որ դրանք օժանդակ միջոցներ են ախտորոշման և բուժման համար, և որակյալ բուժումը մեծապես կախված է բժշկի իմացությունից, վերլուծական կարողություններից, պացիենտի նկատմամբ անհատական մոտեցումից»,-շեշտում է ԵՊԲՀ ուսանողը:
Դավիթը որոշել է կլինիկական օրդինատուրան շարունակել ընդհանուր ստոմատոլոգիայի ուղղությամբ: Ապագայի ծրագրերի մասին խոսելիս, նշում է՝ ցանկանում է զարգացնել մասնագիտական հմտությունները՝ օգտագործելով բոլոր հնարավորությունները ոլորտի լավագույն մասնագետներից մեկը դառնալու համար: