Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող Աննա Սարգսյանին բժշկությունը հետաքրքրել է անվերջ գիտական զարգացումներով, ինչպես նաև այն կարևորությամբ, որն ունի մարդկանց կյանքում:
«Մեծանալով բժիշկների ընտանիքում՝ գիտակցված, բայց և շատ պարտավորեցնող որոշում էր ընտանեկան ավանդույթները շարունակելը: Կարծում եմ՝ այն բոլոր ժամանակներում անփոխարինելի և առանցքային դեր ունեցող մասնագիտություն է, իսկ մայր բուհը՝ այդ ճանապարհի լավագույն սկիզբը», – նշում է Աննան:
Ապագա բժիշկը առանձնակի ոգևորությամբ է սկսում ավարտական տարին մայր բուհում, քանի որ այս տարի հանդիսանում է նաև ԵՊԲՀ Կարիերայի զարգացման կենտրոնի կողմից կազմակերպվող «ԳԼՕԲՈւՍ» ծրագրի մասնակից:
«Ուսումնառությունը գերհագեցած է անցնում, քանի որ ակադեմիական ծրագրից զատ, ժամանակիս մեծ մասը ծախսում եմ բժշկագիտական նոր ձեռքբերումներին ծանոթանալու, ինքնակրթության և համալսարանական գիտելիքը պրակտիկ կիրառելու ուղղությամբ: Զուգահեռ նաև աշխատում եմ Երևան քաղաքի Շտապ օգնությունում: Բազմիցս առիթ եմ ունեցել իրականացնել «Հիմնական կենսաապահովման» և «Սիրտ-թոքային վերակենդանացման» դասընթացներ` որպես BLS հրահանգիչ: Նաև հնարավորություն եմ ունեցել հետազոտական աշխատանքի մասնակից լինել ԵՊԲՀ «COBRAIN» կենտրոնի թիմում», – ընդգծում է ուսանողը:
Հերացիականի հավելմամբ՝ բժշկությունը պահանջում է մեծ պատասխանատվություն, որտեղ ամեն բացթողում կարող է անդարձելի հետևանք ունենալ. «Կարծում եմ՝ առավելագույն գիտելիք կուտակելը, վերլուծական մտածողություն և արագ կողմնորոշվելու ունակություններ զարգացնելը պրակտիկ բժշկության պարտադիր պահանջներից են:
Ակադեմիական ծրագրի դժվարությունները հաղթահարում եմ դասախոսների ուղղորդումների, ընկերների հետ քննարկումների և լրացուցիչ աղբյուրներ ուսումնասիրելու միջոցով: Փորձում եմ հանգստանալու և լիցքաթափվելու համար ժամանակ հատկացնել, քանի որ դա օգնում է պահպանել մոտիվացիան և բարձրացնում է արդյունավետությունը»:
Խոսելով դասախոս-ուսանող փոխհարաբերություններից՝ Աննան նշում է. «Ես շատ եմ գնահատում այն, որ դասախոսները բաց և հասանելի են ուսանողների հարցերին, ուղղորդում և ներգրավում են մասնագիտական պրակտիկ ուսուցմանը` կիսվելով իրենց հարուստ կլինիկական փորձով: Չեմ կարող չառանձնացնել այն բացառիկ դասախոսներին, ովքեր բացի առարկայական գիտելիք տալուց, նաև օրինակ և ոգեշնչման աղբյուր են դարձել»:
Հերացիականը հետաքրքրված է ինվազիվ առիթմոլոգիայով: Այն սրտաբանության բացառիկ ուղղություն է, որը միավորում է միջամտական սրտաբանության հմտությունները և առիթմիաների էլեկտրաֆիզիոլոգիական մեխանիզները՝ հնարավորություն տալով ախտորոշել և բուժել սրտի ռիթմի և հաղորդականության խանգարումները մինիմալ ինվազիվ եղանակով:
«Հիմա դժվարությամբ եմ ինձ բժշկությունից դուրս պատկերացնում: Եթե ոչ կլինիկական բժշկություն, միգուցե ընտրեի գենային ինժեներիա կամ տվյալագիտություն, բնական գիտություններին և տեխնոլոգիաներին մոտ որևէ մասնագիտություն, որը հնարավորություն կտար նոր լուծումներ գտնել և նպաստել բժշկագիտության զարգացմանը», – խոսելով այլ ոլորտների մասին՝ ընդգծում է նա:
Ամփոփելով խոսքը՝ Ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողը շեշտում է՝ բժշկությունը յուրահատուկ անձնային և մասնագիտական հատկանիշների մասին է: «Եթե սիրում ես այս ոլորտը և պատրաստ ես դժվարություններին, անկասկած, պատվով կանցնես բժշկի ուղին», – ավելացնում է Աննան: