Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Ճերմակ խալաթ կրելը ոչ միայն աշխատանք է, այլև բարձր կոչում». ԵՊԲՀ շրջանավարտների ավարտական երեկոն

«Ճերմակ խալաթ կրելը ոչ միայն աշխատանք է, այլև բարձր կոչում». ԵՊԲՀ շրջանավարտների ավարտական երեկոն

Գիտական խորհրդի հանդիսավոր նիստը՝ 2023-2024 թթ. ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական երեկոն, տեղի ունեցավ հուլիսի 8-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

Օրը խորհրդանշական է բժշկական մայր բուհի համար։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 622 շրջանավարտ, որոնցից 250-ը՝ արտասահմանցի, ամփոփում է ապագա բժիշկների ևս մեկ սերնդի ուսանողական հագեցած կյանքը, բուհական հետաքրքիր տարիները, որի վերջնարդյունքը պետք է լինի չափազանց պատասխանատու մասնագիտական աշխատանքը:

«Գիտական խորհրդի հարգարժան անդամներ, սիրելի շրջանավարտներ, հարգելի երաժիշտներ, հյուրեր, ծնողներ, մեզ համար շատ սպասված և կարևոր օր է: Այսօր գումարվել է Գիտական խորհրդի հանդիսավոր նիստ, որպեսզի կարողանանք ևս մեկ անգամ հավաստել՝ ճերմակ հագուստը լոկ հագուստ չէ, այլ պարտավորություն: Կարծում եմ՝ այն աշխատանքները, որոնք իրականացրել ենք վեց տարվա ընթացքում՝ խստապահանջ քննությունները, հմտությունների մակարդակը, որով օժտված եք, թույլ է տալիս ասել՝ այն մարդիկ, որոնք այսօր պատրաստ են համալրել սպիտակ բանակի շարքը, արժանի են այդ անպարտելի կոչմանը»,- ազդարարելով նիստի մեկնարկը՝ նշեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Բժշկական բուհի պատերի ներքո կրթված մարդկանց վստահված է դժվար, բայց փառահեղ ու կարևոր առաքելություն՝ ապաքինել, լիարժեք կյանք վերադարձնել, փրկել: Հայ բժշկության մեջ կարևոր ներդրում ունեցած մարդկանց թիվը մեծ է, անունները՝ զորեղ ու հնչեղ: ԵՊԲՀ շրջանավարտների մուտքը բժշկություն ողջունեց  Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի դասախոս,  հանրապետությունում անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի բնագավառի  երկար տարիների փորձով, հմուտ բժիշկ Անատոլի Գնունին` շնորհակալություն հայտնելով շնորհավորական խոսք հղելու հնարավորության համար:

«Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ պետական ավարատական քննությունները բարեհաջող հանձնելու և այս միջոցառմանը մասնակցելու համար: Դուք շուտով կերդվեք և մուտք կգործեք բժիշկների շարքերը: Անքուն գիշերները, պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքը, որոնք փոխանցել են իրենց գիտելիքը և ունակությունները: Մուտք գործելով բժիշկների աշխարհ՝ հիշեք, որ բժիշկը ոչ թե մասնագիտություն է, այլ կոչում: Ձեր առօրյա աշխատանքն ապարելակերպ է, որն ուղեկցելու է ձեզ ողջ կյանքի ընթացքում: Բարձր գիտելիքների և մասնագիտական ունակությունների հետ մեկտեղ պետք է օժտված լինեք մարդկային բարձր հատկանիշներով: Կհանդիպեք բազմաթիվ խոչընդոտների, դժվարությունների, մարտահրավերների: Մի՛ նահանջեք, պայքարեք և հաղթահարեք»,-ասաց Անատոլի Գնունին՝ հորդորելով անվերապահորեն պայքարել մարդու առողջության և կյանքի համար, շարունակել կրթությունն ու պայքարել տգիտության և անտարբերության դեմ, և չմոռանալ ուսուցիչներին, որոնք բժշկի ոգի են ներշնչել, ինչպես նաև մայր բուհը, որի պատերի ներքո դափնել են գիտելիքներն ու ունակությունները:

Ուսումնառության տարիների ընթացքում ուսանողի հաջողության ու ձեռքբերման համար երջանկացել և հպարտացել են դեկանները: 

Միջոցառումն այս տարի տարբերվեց նաև անցկացման ձևաչափով, ոչ թե բեմից, այլ տեսանյութերի միջոցով դեկանները, ըստ ֆակուլտետների, ավարտողներին ողջունելու հնարավորություն ունեցան հետաքրքիր հիշողություններով, պատմություններով՝ ուսումնառության, դասախոսների, միմյանց մասին:

Երեկոն նաև որակյալ երաժշտություն վայելելու հնարավորություն ընձեռեց ներկաներին:

«Հարգելի՛ գործընկերներ, հպարտ ենք ձեզանից մեկը լինելու համար, ինձ համար պատիվ է, որ ես պատասխանատվություն եմ ստանձնել այս դժվարին ժամանակներում ղեկավարել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, աշխատել անվանի պրոֆեսորների, իմ ուսուցիչների հետ, աշխատել կողք կողքի գործընկերների հետ, որոնք կարողացան այս պատմական դարաշրջանում բոլոր դժվարություններն անցնելով` բարձր պահել բժշկի պատիվը: Ձեզ հետ հպարտ եմ կանգնել այստեղ, որովհետև այս տարիների ընթացքում  դուք մեզ հետ միասին` ուս ուսի, անցաք համաճարակը և ձեր ուրույն տեղն ունեցաք այդ պայքարում»,- ամփոփիչ խոսքում ընդգծեց ռեկտորը` շնորհավորելով բոլորին և շեշտելով, որ համալսարանի առաքելությունն է պատրաստել ավելի լավ մասնագետներ:

«Այսօր մենք ականատես ենք, որ համալսարանն իրականացնում է իր առջև  դրված խնդիրը: Մաղթում եմ, որ ոգևորվեք այնքան, որ կարողանաք արդարացնել, փրկեք այնքան, որ չսպասեք երախտիքի խոսքերի, պատասխանատվություն ստանձնեք  այնքան,  որքան կարող եք արդարացնել»,- եզրափակեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Նորավարտ բժիշկն ուսումնառության տարիներին կամա թե ակամա մասնակից է եղել կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարին ուղղված աշխատանքներին, որին հաջորդեց մեր երկրին բաժին հասած ամենամեծ դժվարությունը՝ 2020 թվականի պատերազմը: Խաղաղ, թե՛ պատերազմական իրավիճակում պետք է հիշել, որ ճերմակ խալաթ կրելը ոչ միայն աշխատանք է, այլև բարձր կոչում, անձնվիրական առաքելություն:

Սիրելի՛ շրջանավարտներ, դուք ավարտում եք միջազգային հարթակում ուրույն տեղն ունեցող կրթագիտական մի հաստատություն, որտեղ բժշկական կրթություն է ստանում 2100 օտարերկրացի ուսանող աշխարհի 34 երկրից:

Երեկոն ավարտվեց աշխարհահռչակ հայ արտիստ, շանսոնյե  Շառլ Ազնաուրի «Քեզ համար, Հայաստա՛ն» երգի կատարմամբ, որին մասնակցեցին դահլիճում ներկաները՝ նախապես բաժանված տեքսի միջոցով:

Խորհրդանշական է, որ տարիներ առաջ իր վերջին տեսաուղերձը մեծանուն երաժիշտը հղել էր հենց ԵՊԲՀ շրջանավարտներին: Երգը, մեծանուն հայի անցած ճանապարհն ու օրինակը խորհրդանշում են մարդկանց, ժողովուրդներին, երկրին պիտանի լինելու գաղափարախոսությունը, ինչը համահունչ է բժշկական բուհի ավարտական միջոցառման հիմնական իմաստին: