Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Չկա անեսթեզիոլոգիա առանց ինտենսիվ թերապիայի և  հակառակը. ֆոտոշարք

Չկա անեսթեզիոլոգիա առանց ինտենսիվ թերապիայի և  հակառակը. ֆոտոշարք

Օրացույցում բազմաթիվ տոնական օրերի կողքին կան նաև մասնագիտականները,  մի մասն ամրագրված է ազգային տոնացույցում, ավելի քան երկու տասնյակն էլ սահմանված է միջազգային առողջապահական կառույցների կողմից:

Հոկտեմբերի 16-ը Անզգայացման համաշխարհային օրն է, որը ավանդաբար անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգները, այս բնագավառի ներկայացուցիչները համարում են իրենց մասնագիտական տոնը:

Անեսթեզիոլոգիա-ռեանիմատոլոգիան մեկ մեծ մասնագիտության երկու ուղղություններն են, անհետաձգելի` կրիտիկական վիճակների բժշկություն:

Անեսթեզիոլոգների աշխատանքը հիմնականում ուղղված է պացիենտի ցավը կանխելուն կամ արգելակելուն: Ժամանակակից գիտությունը զարգացրել է այս ոլորտի հնարավորությունները:  Ռեանիմատոլոգիան մեծ գիտություն է` ուղղված վերականգնելու օրգանիզմի տուժած, խանգարված ֆունկցիաները:

Օրվա խորհրդով և առիթով ԵՊԲՀ անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ, «Հերացի» համալսարանական հիվանդանոցի Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավար Իրինա Մալխասյանը կոլեգաներին մաղթում է առաջին հերթին անխափան գործունեություն և հաջողություններ` վստահություն հայտնելով, որ առանց նորամուծությունների ու նորարարությունների այս բնագավառը, ինչպես նաև բժշկագիտությունն առհասարակ հնարավոր չէ պատկերացնել:

1986 թվականից բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորն այս բնագավառում է:  Խոստովանում է, որ հոգով, մտածելակերպով, իրեն առավել շատ ռեանիմատոլոգ է համարում: Ռեանիմացիայում, ինչպես ինքն է բնորոշում, էքստրիմը մշտական բաղկացուցիչ է, որը հավելյալ հմայք է հաղորդում այս մասնագիտությանը և պահանջում գիտելիք, արագ կողմնորոշվելու ունակություն, զգոնություն:

Ինտենսիվ թերապիա, թե՞ ռեանիմացիա:

-Ինտենսիվ թերապիայի հոմանիշը ռեանիմացիան է, Եվրոպայում ընդունված է ասել ռեանիմացիա, իսկ ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում ինտենսիվ թերապիա: 

-Ձեզ ո՞ րն է առավել հոգեհարազատ:

-Ես ինձ միշտ համարել եմ ռեանիմատոլոգ: Անգլերեն intensive care specialist երկար է, իսկ ռեանիմատոլոգ կարճ է, հստակ (ժպտում է):

Տարիներ շարունակ ղեկավարելով ավելի քան 40 աշխատակցից կազմված և երկու ծառայություն ընդգրկող համալսարանական կլինիկան` պրոֆեսոր Մալխասյանը մշտապես մեծ ուշադրություն է հատկացնում երիտասարդներին, որոնցով համալրված է առանցքային նշանակություն ունեցող այս բաժանմունքը, որոնց նա ջանասիրությամբ փոխանցում է գիտելիքն ու հարուստ փորձը, որոնցով հպարտանալու բազմաթիվ առիթներ է ունենում:

«Անեսթեզիոլոգիան և ռեանիմատալոգիան երկու մասնագիտություն է, որոնք սերտորեն կապված են միմյանց հետ և սերտ են գործակցում, որովհետև չկա անեսթեզիոլոգիա առանց ինտենսիվ թերապիայի և չկա ինտենսիվ թերապիա, որտեղ չեն կիրառվում անզգայացման տարբեր մեթոդներ»,- պատմում է բժիշկ-գիտնականը, ում խոսքը տարատեսակ կոնսիլումներում, կրիտիկական դեպքերում, մասնագիտական քննարկումներում, հավաքներում ու բուհական խորհուրդներում ծանրակշիռ է, ազդեցիկ, հիմնված բացառապես ապացուցողական, գիտահեն բժշկության ու աշխատանքի երկար տարիների փորձառության վրա:

Տարբեր կուրսերի ԵՊԲՀ 50 սովորող կլինիկական օրդինատուրա է անցնում Իրինա Մալխասյանի ղեկավարությամբ` թրծվելով այս բարդ, գերպատասխանատու ուղղության մեջ:

Ներկայացնելով իր թիմի մյուս բժիշկներին` նա շեշտում  է, որ, չնայած կնոջ համար այս մասնագիտության մեջ դժվարությունները շատ են. անքուն գիշերներ, հերթապահություններ, երկարատև բացակայություն տնից, հոգնածություն, անձնական ժամանակի բացակայություն, բայց նրանք դրսևորել  են համառություն և նվիրում, ինչն անչափ կարևոր է այս գործում:

Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչի համոզմամբ` անկախ  կոչումներից, հեղինակությունից,  բժիշկը պարտավոր է աշխատել իր վրա, շարունակական զարգացում ապահովել, լինել պահանջկոտ առաջին հերթին իր հանդեպ և այդ պահանջկոտությամբ օգտակար լինել դիմացինին:

Ամփոփելով և խոսքն ուղղելով անզգայցման և վերակենդանացման ոլորտի ներկայացուցիչներին, պրոֆեսոր Մալխասյանը համոզված է, որ ովքեր բուժում են մարդկանց, նույնպես պետք է առողջ լինեն: