Չորսօրյա միջազգային բժշկական համագումարն ամփոփվեց

Չորսօրյա միջազգային բժշկական համագումարն ամփոփվեց

«Ձգտելով կատարելության» խորագրով միջազգային բժշկական քառօրյա համագումարն ամփոփեց աշխատանքը:

Նշենք, որ շուրջ 20 առաջատար մասնագետ Միացյալ Նահանգներից ժամանել էր Հայաստան` մասնակցելու համագումարին:

ԵՊԲՀ-ի և Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության հետ համատեղ անցկացվող համագումարի երկրորդ օրը` սեպտեմբերի 24-ին, Քլիվլենդի կլինիկայի Հեպատոլոգիայի բաժնի ղեկավար, Միկատի լյարդի հիվանդությունների և փոխպատվաստման կենտրոնի տնօրեն, սիրիացի վաստակավոր գիտնական, պրոֆեսոր Նիզար Զեինը զեկույցի սկզբում հատուկ ակնածանքով անդրադարձավ Հալեպի հայկական համայնքի` Սիրիայի տնտեսական, սոցիալական և մշակութային կյանքում խաղացած առանցքային դերին: Առաջադեմ բժիշկը մասնակիցներին ներկայացրեց հեպատոցելուլյար կարցինոմայի ախտորոշման և բուժման արդյունավետ մեթոդները, լյարդի փոխպատվաստման առանձնահատկությունները:

Ընդհանուր ուռուցքաբանության ամբիոնի դասախոս Նունե Կարապետյանը հանգամանալից խոսեց Հայաստանում թոքերի քաղցկեղի համաճարակաբանության մասին: «2023 թվականի տվյալներով` վաղ փուլում թոքերի քաղցկեղ ախտորոշվել է գրանցված դեպքերի 18,3%-ի մոտ», – հայտնեց նա: Հայ ուռուցքաբանը ներկայացրեց նաև թոքերի քաղցկեղի բուժման մեթոդների համեմատականը:

Սիեթլում Վաշինգտոնի համալսարանի բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկայի մասնագետ Ջոն Գորը հանդես եկավ «Քաղցկեղի սկրինինգի առավելությունները բնակչության մակարդակում» զեկույցով, Իրվայնում Կալիֆորնիայի համալսարանի թորակալ վիրաբույժ Հարի Կեշավան` «Սկրինինգային միջամտություն քաղցկեղից մահացությունը նվազեցնելու համար» թեմայով զեկույցով:

Համագումարի երրորդ օրը` սեպտեմբերի 25-ին, Քլիվլենդի կլինիկայի հայազգի առաջատար նեֆրոլոգ Սևակ Դեմիրճյանը խոսեց ախտորոշիչ հետազոտություններում արհեստական բանականության ազդեցության մասին:

Օրվա երկրորդ կեսը նվիրված էր բուժքույրերի առջև ծառացած խնդիրների քննարկմանը: Ամերիկացի բուժքույր Բրայլին Ջեկոբսենը «ԱՄՆ մոտեցումը` բուժքույրական գործը որպես մասնագիտություն զարգացնելու համար» զեկույցի շրջանակում գործընկերների հետ կիսվեց փորձով և հմտություններով:

Ներկայացուցչական միջոցառման բոլոր օրերն անցան գիտական նորարարությունների հագեցած քննարկմամբ, նոր ծանոթությունների ձեռքբերմամբ:

Առանձնահատուկ կարևորվեց ապագա բժիշկների մասնակցությունը, որոնք հնարավորություն ունեցան ունկնդրել արդի թեմաների շուրջ արտասահմանյան մասնագետների զեկույցները: Նշենք, որ համագումարին որպես մոդերատոր ակտիվ մասնակցություն ունեցան նաև համալսարանական պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները: