«Դեղագետի հաջողության բանաձևը»․ Վրույր Բիլեմջյան

«Դեղագետի հաջողության բանաձևը»․ Վրույր Բիլեմջյան

Երիտասարդ և խոստումնալից դեղագետ Վրույր Բիլեմջյանը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետն ավարտել է 2016 թվականին։

Դեղագիտությունը, նրա խոսքով, բազմազան և հարուստ ոլորտ է: «Ամբողջ աշխարհում առկա է դեղագետների շարունակական պահանջարկ՝ հիվանդների խնամքի, գիտական հետազոտությունների և նորարարությունների հնարավորություններով: Դեղագետներն առաջատար դեր են խաղում առողջապահական համակարգի բոլոր ասպեկտներում:

Առաջատար տեխնոլոգիական մեթոդների միջոցով նոր դեղամիջոցներ մշակելը և հետազոտության ու մշակման ոլորտում աշխատելն այն հիմնական շարժառիթներն էին, որոնք ինձ ստիպեցին ընտրել այս մասնագիտությունը», – պատմում է Վրույր Բիլեմջյանը:

Դեղագետն այս պահին շարունակում է ուսումը (PhD) քաղցկեղի իմունոլոգիայի և իմունաթերապիայի ոլորտում, աշխատում է I-DireCT կոնսորցիումում, որը միավորում է Գերմանիան (Surflay Nanotec GmbH) և Նիդեռլանդները (Գրոնինգենի համալսարան): I-DireCT-ը, նրա տեղեկացմամբ, Մարի Կյուրիի եվրոպական արդյունաբերական դոկտորի կոչում է (EID), որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից H2020 ծրագրի շրջանակում: Ծրագիրը նպատակ ունի խթանել փոխանակումն ակադեմիական և ոչ ակադեմիական հատվածների միջև:

«Առաջադեմ մտածելակերպը, անդադար սովորելը և նոր մարտահրավերների ու հնարավորությունների համար բաց լինելն այն հիմնական գործոններն էին, որոնք օգնեցին ինձ հասնել այնտեղ, որտեղ ես հիմա եմ: Բացի այդ, քննադատական և վերլուծական մտածողության հմտությունները, լավ հաղորդակցման հմտությունները, բազմաֆունկցիոնալությունը և համբերատար լինելն այն կարևոր հատկանիշներն են, որոնք պետք է ունենան դեղագետները ինչպես անձնական, այնպես էլ մասնագիտական հաջողության հասնելու համար», – կարծում է Վրույր Բիլեմջյանը:

Երևանի պետական բժշկական համալսարանը, նրա համոզմամբ, մեծ դեր խաղաց 50 տարվա ընթացքում դեղագետներ պատրաստելու գործում և դեռ կլինի հարյուրավոր տարիներ՝ կրթելու և լուսավորելու հետագա սերունդներին: «Իմ ամենամեծ ցանկությունն է Դեղագիտության ֆակուլտետին ավելի շատ կենտրոնանալ հետազոտությունների և զարգացման վրա՝ խրախուսելով ուսանողներին զբաղվել գիտությամբ և տեխնոլոգիաներով, քանի որ դրանք կայուն ապագայի և զարգացած երկրի հիմնական երաշխիքն են», – եզրափակում է Վրույր Բիլեմջյանը: