Նոյեմբերի 6-ին Երևանի Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցում անցկացվել է Համահայկական բնագիտական կրթական IX գիտաժողովը՝ «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան XXI դարում․ հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումները» խորագրով։
Գիտաժողովի շրջանակում՝ «Քիմիայի հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ» խորագրով նիստի ընթացքում, որը տեղի է ունեցել դպրոցի կենսաքիմիայի լաբորատորիայում, զեկույցներով հանդես են եկել նաև ԵՊԲՀ ներկայացուցիչները։
Նիստի համանախագահներն էին բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի քիմիայի ամբիոնի վարիչ Լիդա Սահակյանը, քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Աթաբեկյանը և բժշկական գիտությունների թեկնածու Նաիրա Մանվելյանը։
Համալսարանականները ներկայացրել են հետևյալ թեմաներով զեկույցները.
1. «Heracleum sibiricum L. բույսի տարբեր օրգաններից անջատված օրգանական նյութերի քանակական որոշումը» – Սարգիս Աղաջանյան, Լիդա Սահակյան։
2. «Գանգուր ավելուկ» դեղաբույսի կիրառությունն ավանդական բժշկության մեջ» – Արուսյակ Սահակյան։
3. «Նոր էկոլոգիական աղետ Երկիր մոլորակի համար՝ տիեզերական աղբ» – Ֆուրման Պետրոսյան, Լիդա Սահակյան։
4. «Քիմիայի դասավանդման մեթոդաբանությունը որպես գիտություն» – Արմինե Բաղդասարյան։
5. «Քիմիայի դասավանդման գործնական ուղղվածության ապահովման ուղիները ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետում» – Աննա Հովհաննիսյան։
6. «Քիմիան և հանրային առողջությունը» – Խաչատուր Ավետիսյան։
Գիտաժողովի հիմնական նպատակն էր քննարկել բնագիտական առարկաների ուսուցման և հանրամատչելիացման արդի հիմնախնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները, ներկայացնել իրականացված գիտափորձերի արդյունքները և նպաստել մասնագիտական փորձի փոխանակմանը։ Գիտաժողովի շրջանակում ԵՊԲՀ քիմիայի ամբիոնում իրականացված գիտափորձերի արդյունքները նույնպես ներկայացվել են քննարկման։
Մասնավորապես, առաջին հետազոտության շրջանակում ուսումնասիրվել են Heracleum trachyloma բույսի ցողուններից և տերևներից ստացված եթերայուղերի պարունակությունն ու բաղադրությունը։ Եթերայուղերն ուսումնասիրվել են գազային քրոմատագրություն/զանգվածային սպեկտրոմետրիա (ԳԽ/ՄՍ) մեթոդով։
Հետազոտության նպատակն էր պարզել Heracleum-ի եթերայուղերում առկա այն թունավոր միացությունները, որոնք կարող են անմիջական ազդեցություն ունենալ մարդկանց և կենդանիների առողջության վրա։ Արդյունքում պարզվել է, որ եթերայուղերը, բացառությամբ կումարինի ածանցյալների, պարունակում են բազմաթիվ թունավոր միացություններ, այդ թվում՝ պսորալեն, իզոպիմպինելին, հեքսիլ իզոբուտիրատ, մեթոքսալեն և այլն։ Միաժամանակ հետազոտված բույսի տերևների և ցողունների նմուշների քիմիական բաղադրության մեջ էական տարբերություններ չեն հայտնաբերվել։
Երկրորդ գիտափորձն իրականացվել է նույն նախապայմաններով և մեթոդաբանական մոտեցմամբ։
Գիտական այս միջոցառմանը Դեղագիտական ֆակուլտետի քիմիայի ամբիոնի մասնակցությունը ևս մեկ հնարավորություն էր ներկայացնելու ամբիոնում իրականացվող հետազոտությունները, անդրադառնալու քիմիայի ուսուցման արդիական հարցերին և փոխանակելու գիտակրթական փորձը։
Նշենք, որ գիտաժողովի կազմակերպիչներն էին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը, Դեղագիտական ֆակուլտետի քիմիայի ամբիոնը և Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցը։