ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետում անցկացվեց մագիստրոսական թեզերի պաշտպանություն, որի ընթացքում 5 ուսանող տարբեր ամբիոնների ղեկավարների գլխավորությամբ ներկայացրին իրենց գիտակահետազոտական աշխատանքները:
«Յուրաքանչյուր աշխատանք ունի ղեկավար: Այն ղեկավարվում է ամբիոնների վարիչների կամ դոցենտների կողմից, վերջում ներկայացվում է պաշտպանության: Մագիստրոսական թեզ պաշտպանողները նաև ըստ կարգի ունեն իրենց գրախոսները, որոնք ներկայացնում են թեզի վերաբերյալ իրենց կարծիքը, դիտողությունը, հարցեր են տալիս: Այս տարի մենք ունեին 5 դիպլոմային աշխատանք, Դեղագործության կառավարման, Դեղերի տեխնոլոգիայի և Ֆարմացիայի ամբոններից: Բոլոր ուսանողները հաջողությամբ պաշտպանեցին իրենց թեզերը, ստացան համապատասխան գնահատականները»,-մանրամասնելով թեզերի պաշտպանության ընթացքը նշեց Դեղագիտական ֆակուլտետի դեկանի տեղակալ, Ֆարմացիայի ամբիոնի դոցենտ Աննա Մանջիկյանը:
Դեկանի տեղակալի փոխանցմամբ՝ հիմնականում մագիստրոսական թեզ ցանկանում են պաշտպանել այն ուսանողները, ովքեր հետաքրքրվում են գիտությամբ, սիրում են հետազոտական աշխատանքներ կատարել, բացահայտել ավելի լայն ոլորտներ:
«Մագիստրոսները տարվա սկզբից ընտրում են իրենց թեման և ամբողջ տարվա ընթացքում այդ թեմայի շրջանակներում ուսումնասիրում են, գիտական աշխատանք, հետազոտություներ են կատարում և ներկայացնում են պաշտպանության: Ուսանողներն իրենք են ընտրում պաշտպանել մագիստրոսական թեզ, թե հանձնել ավարտական քննություն»,-հավելեց Ֆարմացիայի ամբիոնի դոցենտը: