Դեղագիտական ֆակուլտետում առաջին անգամ բոլոր ուսանողները կպաշտպանեն մագիստրոսական թեզեր

Դեղագիտական ֆակուլտետում առաջին անգամ բոլոր ուսանողները կպաշտպանեն մագիստրոսական թեզեր

Դեղագիտական ֆակուլտետում այս տարի առաջին անգամ բոլոր ուսանողները որպես ավարտական աշխատանք ներկայացնելու են մագիստրոսական թեզեր։ Միջազգային հավատարմագրման գործընթացի շրջանակում ներդրված այս մոտեցումը միտված է ուսանողների հետազոտական, գործնական և վերլուծական կարողությունների զարգացմանն ու գնահատմանը։

Մագիստրոսական թեզեր ուսանողները հնարավորություն են ունենալու պաշտպանելու մասնագիտական երեք՝ Դեղերի տեխնոլոգիայի, Ֆարմացիայի և Դեղագործության կառավարման ամբիոններում, ինչպես նաև կարող են համատեղ աշխատանք կատարել այլ ամբիոնների հետ:

Դեղերի տեխնոլոգիայի և Ֆարմացիայի, Ֆարմակոլոգիայի ամբիոնների համատեղ աշխատանքի շնորհիվ ուսանողների մի մասը, հետազոտական նախագծի շրջանակում, ամփոփում են ուսումնառության հինգ տարվա ընթացքում ձեռք բերած գիտելիքն ու հմտությունը:

«Դեղագիտական ֆակուլտետը ներկայումս գտնվում է միջազգային հավատարմագրման գործընթացում, որի կարևոր բաղադրիչներից մեկը ուսանողների հետազոտական կարողությունների զարգացումն ու գնահատումն է։ Այս տարի առաջին անգամ ֆակուլտետի ուսանողները, որպես ավարտական քննություն, իրականացրել են հետազոտական թեզային աշխատանք և իրենց գիտելիքն ու հմտությունը ներկայացնելու են թեզի պաշտպանության ձևաչափով։ Այս գործընթացում առանձնահատուկ դեր է ունեցել նաև Դեղերի տեխնոլոգիայի, Ֆարմացիայի և Ֆարմակոլոգիայի ամբիոններին կից գործող լաբորատորիան, որտեղ ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները հետազոտական աշխատանքներ իրականացնելու համար։ Համալսարանը համալրվել է նաև նորագույն սարքավորումներով, ինչը հնարավորություն է տվել ուսանողներին իրենց հետազոտություններն իրականացնել բարձր մասնագիտական մակարդակով, ձեռք բերել գործնական փորձ և ներկայացնել գիտական աշխատանք»,- նշեց Ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ Մարինե Բալասանյանը:

Նրա փոխանցմամբ՝ լաբորատորիան վաղուց արդեն ապացուցել է գիտական ներուժն ու արդյունավետությունը. «Այս լաբորատորիան ապացուցել է թողունակությունը դեռևս գոյության տարիներից. քսանից ավելի գիտությունների թեկնածու են դուրս եկել այստեղից: Ցանկալի է, որ հետագայում ևս լաբորատորիան ավելի զարգանա, քանի որ ուսանողներն էլ դրա կարիքը ունեն»:

Դեղերի տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Հակոբ Թոփչյանի խոսքով՝ այս գործընթացը չափազանց դրական և կարևոր քայլ է։

«Մեր ֆակուլտետը Հայաստանում առաջինն էր, որտեղ սկսեցին պատրաստվել բարձրագույն կրթությամբ դեղագետներ, որոնք համալրեցին դեղագետների շուկան։ Նախկինում մագիստրոսական թեզը փոխարինվում էր պետական ավարտական քննությամբ։ Անկասկած, պետական քննությունն ունի իր կարևորությունը, բայց գործնական աշխատանքը, հմտությունը, գիտական փոքր հատվածի ներկայացումը ուսանողին ավելի է մոբիլիզացնում իր աշխատանքի մեջ»,-ասաց նա:

Նրա փոխանցմամբ՝ երեք ամբիոնի համագործակցության արդյունքում ուսանողների կողմից իրականացվող մագիստրոսական թեզերն ընդգրկում են կրթական գործընթացի ամբողջ շղթան՝ առաջինից մինչև հինգերորդ կուրս. «Մագիստրոսական աշխատանքի ընթացքում մենք ձգտում ենք, որպեսզի ուսանողը սեփական ձեռքերով իրականացնի հետազոտության բոլոր հիմնական փուլերը․ պատրաստի և մշակի անհրաժեշտ նյութերը, ուսումնասիրի դեղաբույսերն ու դեղահումքը, կատարի դրանց անալիտիկ գնահատումը, որոշի որակը և գնահատի արդյունավետությունը։ Այս տարի մեզ միացավ Ֆարմակալոգիայի ամբիոնը, որտեղ ուսանողները կատարում են պատրաստուկի դեղաբանական ազդեցության ուսումնասիրումը, որը բավականին բարդ է, և կարող եմ ասել մեր հանրապետությունում մեր բուհը առաջնեկն է, որ այդպիսի բազմակողմանի հանդես կգա իր կատարած աշխատանքով: Ամբիոնների այսպիսի միացումը արհեստական չէ, ցանկալի կլինի նաև մյուս ամբիոնների հետ համագործակցումը»:

«Համատեղ մագիստրոսական թեմաների շրջանակում մենք ունենք նաև մեր առանձին հետազոտական ուղղությունները, որոնք ընդգրկում են դեղերի դիզայնը, նոր դեղամիջոցների սքրինինգը և դրանց հայտնաբերման ու մշակման ժամանակակից մոտեցումները։ Մենք իրականացնում ենք նաև ստացված պատրաստուկների որակի վերահսկում մեր լաբորատորիայում, որը վերջերս վերազինվել է ժամանակակից սարքավորումներով։ Նորագույն մեթոդներով ուսանողները ձեռք են բերում հմտություններ, ունակություն` աշխատելու այդ սարքավորումների վրա անալիտիկ մեթոդներով»,- ամբիոնների համատեղ աշխատանքի մասին խոսելով՝ հավելեց Ֆարմացիայի ամբիոնի վարիչ Արուսյակ Ժամհարյանը: