Դեղագործության ոլորտի արդիական հարցերը՝ մագիստրոսական թեզերի ուշադրության կենտրոնում

Դեղագործության ոլորտի արդիական հարցերը՝ մագիստրոսական թեզերի ուշադրության կենտրոնում

Դեղագիտական ֆակուլտետում այս տարվանից ավարտական աշխատանքի նոր ձևաչափ է ներդրվել․ բոլոր ուսանողները իրականացնում են մագիստրոսական թեզեր։ Սովորողները հնարավորություն կունենան իրենց մագիստրոսական թեզերը պաշտպանել մասնագիտական երեք՝ Դեղերի տեխնոլոգիայի, Ֆարմացիայի և Դեղագործության կառավարման ամբիոններում, ինչպես նաև իրականացնել միջամբիոնային համատեղ հետազոտություններ՝ համագործակցելով համալսարանի այլ ամբիոնների հետ։

Միջազգային հավատարմագրման չափանիշներին համապատասխան այս նախաձեռնությունը նպատակ ունի զարգացնել և գնահատել ուսանողների գիտահետազոտական, վերլուծական և գործնական կարողությունները:

«Այս տարին մեզ համար եզակի է, քանի որ բոլոր ուսանողներն են իրականացնում դիպլոմային աշխատանքներ։ Անցած տարիներին դրանք կատարում էին միայն բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները։ Այս տարի գործընթացն ավելի լայն ընդգրկում ունի․ մենք աշխատում ենք տարբեր ունակություններ և աշխատասիրություն ունեցող ուսանողների հետ և, բնականաբար, ստանում ենք տարբեր մակարդակի աշխատանքներ։ Սակայն ուրախությամբ կարող եմ նշել, որ ստացել ենք բազմաթիվ հետաքրքիր աշխատանքներ, որոնք, վստահ եմ, առաջիկա տարիներին կհրապարակվեն թեզերի կամ գիտական հոդվածների տեսքով, քանի որ լիովին արժանի են նման արդյունքի»,- մագիստրոսական թեզերի ներդրման մասին խոսելով՝ նշեց Դեղագործության կառավարման ամբիոնի վարիչ Մարթա Սիմոնյանը։

Նրա փոխանցմամբ՝ մինչև մագիստրոսական թեզի պաշտպանությունը ուսանողները ունենում են թեստային քննություն, որը պետական քննության առաջին փուլն է. «Քանի որ նրանք մագիստրոսներ են, նրանք արդեն դեղագետներ են և ստանում են երկրորդ աստիճանը դեղագործության ոլորտում: Սա հրաշալի հնարավորություն է, որպեսզի դուրս գան գրքային սովորելու մեթոդից և անցնեն պրակտիկ գործունեության, ինչը թույլ կտա ոլորտը ավելի լավ հասկանալուն, որոշակի գործունեություն ծավալելուն, ոլորտի առաջատար խաղացող դառնալուն: Կարծում եմ այս տարվա սերունդը շատ ավելի պատրաստված կլինի աշխատաշուկայի համար, ավելի պատրաստ՝ դիմակայելու մասնագիտական մարտահրավերներին և ավելի հաստատակամ իր ընտրության մեջ, որովհետև թեզի վրա աշխատելու ընթացքում նրանք արդեն հստակ պատկերացնում են, թե որ ուղղությամբ են ցանկանում զարգանալ։ Նախկինում այդ գիտակցումը ձևավորվում էր միայն աշխատաշուկա մուտք գործելուց հետո»։

Ամբիոնի վարիչը ներկայացրեց նաև հիմնական թեմաները, որոնց շուրջ ուսանողները ուսունասիրություններ են իրականացնում: «Այս տարի Դեղագործության կառավարման ամբիոնում ունենք 14 դիպլոմային աշխատանք, որոնցից երկուսը՝ անգլալեզու։ Մեր հետազոտությունները հիմնականում վերաբերում են դեղագործական ոլորտի կառավարման, դեղագործական հոգածության և ոլորտում առկա օրենսդրական բացերի վերհանմանը։

Իրականացրել ենք լայնածավալ գիտական աշխատանքներ՝ տարբեր ուղղվածություններով։ Համագործակցել ենք նաև դեղագործական շուկայում գործող ընկերությունների հետ՝ որպես անկախ հետազոտողներ ուսումնասիրելով նրանց գործունեությունը։

Մեծ ուշադրություն ենք դարձրել ինքնաբուժման գործընթացին և դեղագործական հոգածությանը՝ ուսումնասիրելով հակաբիոտիկների, հակասնկային և հակագերճնշումային դեղերի կիրառումը։ Ուսումնասիրել ենք նաև բժշկական սարքավորումների գրանցման հետ կապված որոշ խնդիրներ, ինչպես նաև դեղագործական թափոնները, թե ինչ ճակատագրի են արժանանում ժամկետանց դեղերը՝ համեմատականներ տանելով օրենսդրական դաշտի հետ: Ունենք նաև աշխատանք, որը վերաբերում է արհեստական բանականության ներդրմանը և այն հարցին, թե ինչպես այն կարող է ազդել դեղերի գրանցման գործընթացի վրա և ինչ փոփոխություններ կարող են տեղի ունենալ ոլորտում»,-հավելեց նա:
Հավելենք, որ հետազոտական աշխատանքներ են իրականացվել նաև ֆակուլտետի մյուս ամբիոններում, որոնց մասին մենք արդեն անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակման մեջ։