Դեկտեմբերի 1-ին նշվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ արշավի՝ այս տարվա կարգախոսն է «Հետազոտվելով և հավասարապես ջանքեր գործադրելով՝ վերջ տանք ՄԻԱՎ-ին»։ Այն խրախուսում է մարդկանց միավորվել գլոբալ մակարդակում՝ վերացնելու անհավասարությունը, որը խոչընդոտներ է ստեղծում ՄԻԱՎ-ի թեստավորման, կանխարգելման և խնամքի հասանելիության համար:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ աշխարհում ապրում է 38,4 միլիոն մարդ՝ ՄԻԱՎ ախտորոշմամբ, որոնց գերակշիռ մասը՝ 25,6 միլիոնը, բաժին է ընկնում Աֆրիկյան մայրցամաքին:
Վիճակագրության համաձայն՝ Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մեծ մասը՝ շուրջ 70 տոկոսը, տղամարդիկ են, ընդ որում՝ նրանց կեսից ավելին երիտասարդ են՝ 25-39 տարեկան։ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց շուրջ մեկ երրորդի մոտ հիվանդությունը հասել է ՁԻԱՀ-ի փուլին։
Չնայած հիմնախնդրի վերաբերյալ բազմաթիվ հանրային քննարկումներին, մարդկանց իրազեկմանն ուղղված ջանքերին՝ աշխարհում և Հայաստանում դեռևս դիտվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց հանդեպ խտրական վերաբերմունք, և գործում են նաև որոշ խտրական իրավակարգավորումներ, որոնց վերանայումը կարևոր նշանակություն ունի անհավասարությունը վերացնելու համար:
Այնուամենայնիվ, վերջին տարիներին հիվանդության դեմ պայքարի ուղղությամբ արձանագրվել են մի շարք դրական միտումներ, մասնավորապես` հակառետրովիրուսային բուժման շնորհիվ ՄԻԱՎ վարակն այժմ համարվում է ոչ թե անբուժելի, այլ քրոնիկ հիվանդություն։