«Հերացի» պոլիկլինիկայի դպրոցի և նախադպրոցական հաստատությունների բաժնում աշխատող մասնագետները վստահ են և սեփական օրինակով են ցույց տալիս, որ ոչ միայն ծնողներն ու ուսուցիչները, այլև բժիշկները ևս երեխաներին վարակներից պաշտպանելու, հիգիենայի մասին իրազեկվածությունը բարձրացնելու գործում կարևոր անելիքներ ունեն:
Պոլիկլինիկայի դպրոցի և նախադպրոցական հաստատությունների բաժնի պատասխանատու, բժիշկ Մարինե Նազարյանը նշում է, որ աշակերտների շրջանում կարևոր է հիգիենայի կանոններին տիրապետելը, գիտելիքները հարստացնելը, ինչը նպաստում է առողջության պահպանմանն ու ամրապնդմանը:
«Իրազեկման ծրագիրը պոլիկլինիկայի նախաձեռնությամբ մեկնարկել էր դեռևս կորոնավիրուսային համավարակից առաջ, սակայն այժմ էլ համալսարանական բուժքույրերն արդեն երկրորդ տարին է շարունակում են դասընթացները, հանդիպումները դպրոցականների հետ»,- ասում է Մարինե Նազարյանը՝ հավելելով, որ նախաձեռնության շրջանակում նախատեսված է ընդգրկել այն 13 հանրակրթական դպրոցները, որոնց առաջնային բժշկական սպասարկումն իրականացվում է «Հերացի» համալսարանական պոլիկլինիայի կողմից: Ծրագրից անմանս չեն մնացել նաև համալսարանական պոլիկլինիկայի կողմից սպասարկվող նախակրթական հաստատությունները:
«Զրույցները անցկացվում են դեռևս տարրական դասարանների շրջանում, բայց պատրաստվում ենք անցկացնել նաև բարձր դասարանցիների հետ իրենց տարիքին համապատասխան ծրագրով: Հաճախ փոքրիկները, առհասարակ մարդիկ տեղյակ չեն հիգիենայի կանոններին: Մենք վստահ ենք, որ երեխաների դաստիարակությունը մեր ապագայի երաշխիքն է և մեր այս աշխատանքով ցանկանում ենք փոխել փոքրիկների մտածելակերպը»,- ընդգծում է Մարինե Նազարյանը՝ հավելելով, որ ուսուցիչները ևս ոգևորությամբ նպաստում են աշխատանքների ընթացքին:
Նախաձեռնությունն անտարբեր չի թողել դպրոցականներին, մասնագետների հետ զրույցում նշել են, որ նախքան համավարակի ընթացքում տարբեր հեռուստատեսային տեսահոլովակների տարածումը, իրենք ևս վարակներից պաշտպանվելու միջոցներին վարժ տիրապետելու և հիգիենայի կանոնների պահպանման գիտելիքներ ունեն: