Հանրային առողջության ֆակուլտետի շրջանավարտը Հայաստանում տարբեր ծրագրերով խթանում է առողջ և ակտիվ ծերացումը

Հանրային առողջության ֆակուլտետի շրջանավարտը Հայաստանում տարբեր ծրագրերով խթանում է առողջ և ակտիվ ծերացումը

ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետի շրջանավարտ Մարիամ Հակոբյանը մասնագիտությամբ լոգոպեդ է՝ հարբժշկական մասնագետ։

Մասնագիտական գործունեության ընթացքում նա հիմնականում աշխատել է երեխաների հետ։ Հանրային առողջության ոլորտում ստացած կրթությունը կարևոր դեր է ունեցել նրա մասնագիտական մտածողության ձևավորման և հետագա գործունեության մեջ՝ առողջության պահպանման, կանխարգելման և կյանքի որակի բարելավման հարցերի նկատմամբ հետաքրքրությունը խորացնելու առումով։

«Ինձ հետաքրքրում էին խնդրի վաղ հայտնաբերումը, կանխարգելումը և այն, թե ինչպես կարելի է մասնագիտական գիտելիքը կիրառել ավելի լայն խնդիրների լուծման համար։ Երբ հասավ հետազոտության թեմայի ընտրության փուլը, ես արդեն ընտրել էի երեխաներին վերաբերող թեմա։ Սակայն իմ դասախոսներից մեկի հետ զրույցում խոսեցինք այն մասին, որ տարբեր ուղղություններով հետազոտություններ են իրականացվում, բայց մեծահասակների ապրելակերպին և նրանց առնչվող հիմնահարցերին դեռ բավարար ուշադրություն չի դարձվում։ Այդ զրույցի ընթացքում հնչեց մի հարց․ «իսկ մեր մեծահասակների մասին ե՞րբ եք հետազոտություններ իրականացնելու»։  Դասախոսիս մտահոգությունն ինձ հիշեցրեց տարիներ առաջ Ֆրանսիա իմ այցը։ Այն ժամանակ ինձ տպավորել էր, թե ինչպես են մեծահասակները շարունակում ակտիվ կյանքով ապրել, ինչպես է կազմակերպվում նրանց առօրյան, և ինչ տեղ ունի ակտիվ երկարակեցության մշակույթը հասարակության մեջ։ Այդ փորձառությունն արդեն իսկ իմ մեջ հետաքրքրություն և ցանկություն էր ձևավորել այս ուղղությամբ, իսկ դասախոսի խոսքը, կարծես, նորից այդ մասին ինձ հիշեցրին։ Մենք վերանայեցինք հետազոտության թեման, և ես սկսեցի ուսումնասիրել Երևանում բնակվող մեծահասակների ապրելակերպը՝ զուգահեռ ուսումնասիրելով Ֆրանսիայի, Բելգիայի և Գերմանիայի լավագույն փորձը»,- պատմում է Մարիամ Հակոբյանը։

Նրա խոսքով՝ հետազոտության ընթացքում հասկացավ, որ մեծահասակների ակտիվությունն ու կյանքի որակը միայն սոցիալական հարց չեն։ Դրանք անմիջականորեն կապված են նաև հանրային առողջության հետ։

Մարիամը նշում է, որ Հանրային առողջության ֆակուլտետում ուսումնառությունն ամրապնդել է այն համոզմունքը, որ առողջության վրա հնարավոր է ազդել վարքագծային փոփոխությունների, ճիշտ սովորությունների և կանխարգելիչ ծրագրերի միջոցով։

«Հանրային առողջությունը միայն արդեն առաջացած խնդիրների լուծումը չէ, այլև այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք թույլ են տալիս մարդուն պահպանել առողջությունը, ակտիվ և ինքնուրույն լինել։ Կարծում եմ՝ հենց այդ մոտեցումն էլ հետագայում մեծ ազդեցություն ունեցավ իմ մասնագիտական ճանապարհի վրա և դարձավ «Ձեռքդ Տուր» հասարակական կազմակերպության ստեղծման հիմքը։ Հանրային առողջության ոլորտում կրթությունն ինձ համար շատ կարևոր է, հատկապես՝ կանխարգելիչ ծրագրերի նշանակության տեսանկյունից։ Ես սկսեցի ավելի հստակ հասկանալ, որ անհրաժեշտ է ոչ միայն արձագանքել արդեն առաջացած խնդրին, այլև հնարավորինս վաղ փուլում ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կարող են օգնել կանխել կամ հետաձգել դրա առաջացումը։ Այս մոտեցումն այսօր շատ տեսանելի է մեր հիմնած հասարակական կառույցի ծրագրերում»,- նշում է նա՝ հավելելով, որ կազմակերպությունն աշխատում է մի քանի կարևոր ուղղություններով՝ ֆիզիկական ակտիվություն, ճանաչողական ակտիվություն և հոգեկան առողջություն։ Դրանք, ըստ նրա, փոխկապակցված ազդեցություն ունեն մեծահասակների ընդհանուր առողջության վրա։

«Օրինակ՝ ֆիզիկական ակտիվությունը նպաստում է շարժունակության պահպանմանը, իսկ ճանաչողական վարժությունները՝ ուշադրության, հիշողության և կենտրոնացման ակտիվությանը։ Միևնույն ժամանակ, շատ կարևոր է նաև հոգեկան առողջությունը՝ սոցիալական շփումը, նոր բան սովորելը, ստեղծագործելը և ակտիվ կյանքով ապրելը։ Դրանք նպաստում են հոգեկան բարեկեցության պահպանմանը և ընդհանուր կյանքի որակի բարձրացմանը։ Ինձ համար կարևոր է հենց այս ամբողջական մոտեցումը՝ կանխարգելումը ոչ թե մեկ առանձին ծրագրով, այլ մարդու կյանքի տարբեր ոլորտների համադրությամբ։ Հասարակական կազմակերպության միջոցով մենք փորձում ենք այդ սկզբունքը դարձնել գործնական՝ օգնելով մեծահասակներին հնարավորինս երկար պահպանել իրենց ակտիվությունը, ինքնուրույնությունն ու կյանքի որակը»,- շեշտում է հանրային առողջության մասնագետը։

ԵՊԲՀ-ում կրթությունը Մարիամ Հակոբյանը կարևոր է համարում ոչ միայն մասնագիտական գիտելիքի ձեռքբերման, այլև խնդիրներին համակարգված մոտենալու կարողության տեսանկյունից։

«Սովորեցի խնդիրը տեսնել ավելի լայն՝ հասկանալ դրա պատճառները, ուսումնասիրել, համեմատել տարբեր փորձեր և մտածել ոչ միայն հետևանքի, այլև կանխարգելման մասին։ Եվ դա դարձավ իմ հետագա մասնագիտական հաջողությունների հիմքը։ Մեր կազմակերպությունը փորձում է ստեղծել միջավայր, որտեղ մեծահասակները կարող են մնալ ակտիվ, առողջ և սոցիալապես ներգրավված։ Մենք իրականացնում ենք կրթական, ստեղծագործական, մշակութային և ֆիզիկական ակտիվության ծրագրեր՝ անգլերենից և թվային գրագիտությունից մինչև նկարչություն, կավագործություն, հոգեբանական հանդիպումներ, սպորտային և մշակութային նախաձեռնություններ։ Թվային գրագիտությունը, միայն համակարգիչ կամ հեռախոս օգտագործել սովորեցնելը չէ։ Այն հնարավորություն է տալիս մարդուն ավելի ինքնուրույն օգտվել թվային ծառայություններից, գրանցվել անհրաժեշտ հարթակներում, օգտվել առողջապահական և այլ ծառայություններից։ Այս ամենի հիմքում մեկ գաղափար է՝ աջակցել մարդուն, որ նա հնարավորինս երկար պահպանի իր ակտիվությունը, ինքնուրույնությունն ու կյանքի որակը»,- նշում է բժշկական բուհի շրջանավարտը։

Առաջիկայում Մարիամ Հակոբյանը նախատեսում է ընդլայնել ծրագրերը՝ մեծահասակներին հնարավորություն տալով զարգացնել տարբեր հմտություններ, փորձել նոր ուղղություններ և շարունակել սովորել ցանկացած տարիքում։