Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Էմիլ Գաբրիելյանի անվան» կրթաթոշակառուի համար բարձր առաջադիմությունը ոչ թե նպատակ էր, այլ՝ արդյունք

«Էմիլ Գաբրիելյանի անվան» կրթաթոշակառուի համար բարձր առաջադիմությունը ոչ թե նպատակ էր, այլ՝ արդյունք

«Էմիլ Գաբրիելյանի անվան» կրթաթոշակառու Գայանե Սահրադյանի  մասնագիտական նախընտրությունը կանգ է առել բժշկական ոլորտի վրա, քանի որ երազում էր զբաղվել մարդկանց առողջությանն օգուտ բերող գործով։

Թե բժշկական ոլորտի որ ուղղությունն ընտրել, նրա համար հստակ չէր, չէր կողմնորոշվում, թե որն է այն ուղին, որը պետք է անցնի ողջ կյանքի ընթացքում։

«Հայաստանում բժշկության ոլորտում առաջին քայլերը սովորեցնում է բժշկական համալսարանը, թերևս, այս ոլորտի մայր բուհը։ Եվ պատահական չէ, որ կյանքի բերումով ինձ հանդիպած լավագույն բժիշկ-մասնագետները հենց ԵՊԲՀ շրջանավարտներ էին, որոնք նշում էին իրենց կյանքում բժշկական համալսարանի կարևոր դերակատարության մասին և խորհուրդ տալիս անպայման սովորել հենց այս ուսումնական հաստատությունում»,-ասում է Դեղագիտական ֆակուլտետի ուսանողը՝ ավելացնելով, որ որոշումը՝ մասնագիտական կրթությունը ստանալ Երևանի պետական բժշկական համալսարանում, անխախտ էր, հատկապես, բուհում առաջարկվող մասնագիտությունների լայն ցանկը թույլ էր տալիս նաև կողմնորոշվել իրեն հուզող բժշկական ենթաոլորտի հարցում։ 

Մինչև բժշկական համալսարան ընդունվելը սովորել է «Քվանտ» վարժարանի քիմիա-կենսաբանական հոսքում։ «Տարիների ընթացքում հասկացել եմ այդ գիտակարգերի բարդությունն ու կարևորությունը և դրանց լրջորեն վերաբերվելու անհրաժեշտությունը։ «Քվանտ» վարժարանում ուսուցիչներիս օգնությամբ և ուղղորդումով՝ հեշտորեն հաղթահարեցի քիմիա-կենսաբանական ուղղության առաջին դժվար փուլերը և հասկացա, որ այդ քայլով մոտենում եմ իմ երազանքին՝ սովորել բժշկական համալսարանում և ստանալ բժշկական մասնագիտություն»,-նշում է ապագա դեղագետը, որի պարզ էր՝պետք է աշխատել առավելագույնս՝ գիտելիք ամբարելու համար։ 

Պետք էր շատ աշխատանք, կամք և, իհարկե, նպատակասլացություն։ Խնդիրը, թերևս, ավելի էր բարդանում ժամանակակից գիտության արագ զարգացման պայմաններում, որին հասնելու համար պետք էր կրկնապատկել և եռապատկել ջանքերը։ 

Գայանե Սահրադյանը ԵՊԲՀ ընդունվել է անվճար հիմունքներով և հասկացել, որ դա իր ջանքերի լավագույն գնահատականն էր։

«Բարձր առաջադիմությամբ սովորելու իմ կարևոր խթանը ցանկացած առարկայի գիտելիքներին լավագույնս տիրապետելու զգացողությունն էր։ Այն ինձ համար հնարավորություն էր ճանաչելու և հասկանալու այն աշխարհը, որին ես ձգտել եմ։ Յուրաքանչյուր նախորդ արդեն ստացած գիտելիք առավել հեշտացնում էր նոր գիտելիքին տիրապետելու ճանապարհը, իսկ դրանց հաղթահարումը տալիս էր մասնագիտական ինքնավստահություն»,-ասում է նա՝ ընդգծելով, որ բարձր առաջադիմությունը ոչ թե նպատակ էր, այլ՝ արդյունք։ 

Ինչպես նշում է բժշկական բուհի սովորողը, յուրաքանչյուր մասնագիտության մեջ կան հեղինակություններ, որոնց թողած գիտելիքը և փորձը հարստացնում են տվյալ ոլորտը։

«Ուսումնառության ընթացքում ծանոթացա դեղագիտության ոլորտում ակադեմիկոս, դեղաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էմիլ Գաբրիելյանի թողած ահռելի ավանդին և առանձնահատուկ մարդկային և գիտաուսումնական պատկառանք էի զգում նրա նկատմամբ։ Երբևիցե չէի կարող ենթադրել, որ պատիվ կունենամ դառնալու նրա անվանական կրթաթոշակառուն։ Չեմ համարում, որ հաղթահարել եմ այն նշաձողը, որը կարող է թույլ տալ արժանանալու այս կրթաթոշակին։ Սակայն, այժմ, երբ պատիվ ունեմ լինելու մեծ ակադեմիկոսի անվանական կրթաթոշակառուն, ինձ առավել պարտավորված եմ զգում մասնագիտական գիտելիքներս խորացնելու ու հաջողությունների հասնելու համար»,-ասում է նա։   

Անվանական կրթաթոշակառուն դեղագետի մասնագիտություն ընտրելիս և ուսումնառության 5 տարիների ընթացքում, առավել հստակեցրել է իր համար այն ուղին, որը պետք է անցնի համալսարանական կրթությունն ավարտելուց հետո։ 

«Համարում եմ, որ դեղագիտությունը, որպես բժշկական ոլորտի ճյուղ, համընթաց պետք է քայլի բժշկության մյուս ճյուղերի հետ և ծառայի մարդկային առողջության ապահովման կարևորագույն գաղափարին»,-հավելում է ապագա դեղագետը։ 

Նրա խոսքով՝ այսօր դեղագիտությունն աշխարհում գտնվում է բոլորի ուշադրության կենտրոնում, քանի որ բազմաթիվ հիվանդություններ նոր մարտահրավերներ են նետել մարդկությանը։ Այդ մարտահրավերները հաղթահարելի են նաև դեղագիտության ձեռքբերումների միջոցով։

«Իմ մասնագիտական կայացումը տեսնում եմ դեղագիտական կազմակերպություններում կամ լաբորատորիաներում ներգրավվածությամբ, գիտական թեմայի ուսումնասիրությամբ, որն արդեն սկսել եմ մագիստրոսական թեզի շրջանակում»,-ասում է Գայանե Սահրադյանը՝ ավելացնելով, որ նպատակ ունի եվրոպական որևէ բուհում գիտելիքներն ավելի խորացնելու և, անպայման, Հայաստանում դեղագիտության զարգացմանը այն ծառայեցնելու։  

«Էմիլ Գաբրիելյանի անվան» կրթաթոշակառուն կարծում է, որ բժշկության ոլորտը ընտրող յուրաքանչյուր անձ պետք է ունենա տարբերվող հատկանիշներ՝ մարդասիրություն, բարություն, համբերատարություն։

Դեղագետի համար ևս այս հատկանիշները, բացի մասնագիտական գիտելիքներից և հմտություններից, կարևոր նշանակություն ունեն։

«Մարդասիրությունը դեղագետի համար բարոյական կարևորագույն խթան է՝ թե՛ գիտական ուսումնաիրություն անելիս, թե՛ դեղերի արտադրական գործընթացքում ներգրավված լինելիս, թե՛ բժիշկ-մասնագետի հետ դեղագիտական խորհրդակցություններ անցկացնելիս, և թե՛ հիվանդին անհրաժեշտ դեղագիտական խորհուրդներ տալիս»,- համոզված է նա։  

Գայանե Սահրադյանի գնահատմամբ՝ մեր երկրում դեղագիտության զարգացման միտումներն ակնհայտ են. գործում են երիտասարդ, սակայն արդյունավետ գործունեությամբ դեղագիտական արտադրական կազմակերպություններ, որոնք լավ մասնագետներ ներգարվելու հայտ են ներկայացնում։ 

«Շատ դեղագետ շրջանավարտներ բարեհաջող կերպով ներգրավված են այս կազմակերպություններում, դրանց արտադրական և լաբորատոր գործունեության մեջ։ Սակայն մեկ ոլորտ, որը, կարծում եմ, Հայաստանի առողջապահական համակարգում ուշադրության չի արժանանում, բժիշկ-դեղագետ համագործակցության կազմակերպումն է։ Եթե հետագայում ունենամ հնարավորություն, կներդնեմ իմ ջանքերն այն զարգացնելու համար։ Կարծում եմ՝ ցանկացած հիվանդության բուժման հաջողության գրավականն է այս երկու մասնագետների ճիշտ համագործակցությունը»,-ընդգծում է Դեղագիտական ֆակուլտետի անվանական կրթաթոշակառուն՝ առաջարկելով մեկտեղել ջանքերը  դեղագիտության ոլորտը զարգացնելու ուղղությամբ։