Ենթակառուցվածքային վերահավատարմագրման ճանապարհին

Ենթակառուցվածքային վերահավատարմագրման ճանապարհին

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը նոյեմբերի 9-12-ը հյուրընկալում է ենթակառուցվածքային հավատարմագրման գործընթացի իրականացման նպատակով ձևավորված փորձագիտական խմբի անդամներին։

2026թ. հուլիսին համալսարանը ՀՀ Որակի ապահովման ազգային կենտրոնին դիմել է ենթակառուցվածքային հավատարմագրման հայցով, որից հետո ՈԱԱԿ-ի կողմից ձևավորվել է տեղացի և միջազգային մասնագետներից բաղկացած փորձագիտական խումբ:

Փորձագիտական խմբի ղեկավարն է Երևանի պետական համալսարանի Արաբագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Քոչարյանը: Խմբի կազմում են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ծառայությունների բիզնեսի կազմակերպման ամբիոնի ավագ դասախոս, տնտեսագիտության թեկնածու Նարեկ Կոստանյանը, Մխիթար Գոշ Հայ-Ռուսական միջազգային համալսարանի Հյուսվածքաբանություն, էմբրիոլոգիա, բջջաբանություն առարկայի դասախոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լ․Ա․ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Նաիրա Հունանյանը, Գերմանական AHPGS հավատարմագրման գործակալության գիտական խորհրդի նախագահ, Շվեյցարիայի երիտասարդ հետազոտողների (դոկտորական մակարդակ) ազգային աջակցության ծրագրի համակարգող, Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոցի (ETHZ) և Ցյուրիխի համալսարանի դասախոս Ռոլֆ Հոյսերը, Ակակի Ծերեթելիի անվան պետական համալսարանի բժշկության ամբիոնի վարիչ, անգլալեզու բժշկական կրթական ծրագրի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Իրինե Փխակաձեն, Հայաստանում ֆրանսիական համալսարանի «Կառավարում» մասնագիտության ուսանող Խաչիկ Ավետիսյանը։

Աշխատանքները համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը։

Այցի ընթացքում փորձագետները հանդիպումներ կունենան ԵՊԲՀ ռեկտորի, պրոռեկտորների, Հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչների, ֆակուլտետների դեկանների և ամբիոնների վարիչների, տեղացի և օտարերկրյա ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի, Կրթական ծրագրերի բաժնի պետի, ստորաբաժանումների ղեկավարների, ինքնավերլուծություն իրականացրած աշխատանքային խմբի, Կրթության որակի գնահատման և ապահովման կենտրոնի հետ։

Օրակարգում են մասնագիտական հանդիպում-քննարկումներ «Հանրային առողջություն», «Բուժական գործ» և «Ստոմատոլոգիա» կրթական ծրագրերի ղեկավարների, դասախոսական կազմի և ուսանողների հետ։

Փորձագիտական խմբի անդամներն այցի ավարտին կկազմեն զեկույց՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով բուհի գործունեությունը: Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով բուհի ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի հավատարմագրում շնորհելու վերաբերյալ:

Նշենք, որ ՈԱԱԿ Հավատարմագրման հանձնաժողովը 2015 թվականին բժշկական համալսարանին շնորհել էր ինստիտուցիոնալ հավատարմագրում` 4 տարի ժամկետով, իսկ 2020 թվականին՝ ինստիտուցիոնալ հավատարմագրում` 6 տարի ժամկետով։