Երևանի պետական բժշկական համալսարանի արխիվը գործում է 1927 թվականից: Արխիվում պահպանվում են ինչպես բուհի բոլոր ֆակուլտետների շրջանավարտների, աշխատակիցների, այնպես էլ համալսարանական հիվանդանոցների աշխատակիցների անձնական գործերը, այդ թվում՝ հրամանագրքերը, որոնք, ըստ ժամկետի պահպանվելուց հետո, տեղափոխվում են Ազգային արխիվ:
ԵՊԲՀ արխիվային բաժնի պետի պաշտոնակատար Մարիետա Հայրապետյանը նշում է, որ բժշկական բուհի շրջանավարտը որտեղ էլ շարունակի իր գործունեությունը` Հայաստանում, թե արտերկրում, պահանջվող ցանկացած փաստաթուղթ տրամադրվում է արխիվի կողմից: «Արխիվը դիմումներն ընդունում է ինչպես էլեկտրոնային տարբերակով, այնպես էլ` տեղում: Տրամադրում ենք անհրաժեշտ տեղեկանքներ, փաստաթղթեր, բնութագրեր, պատասխանում ենք հարցումների՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում: Գործընթացը կարող է նաև երկար տևել՝ կախված պահանջվող տեղեկատվությունից, քանի որ երբեմն անհրաժեշտ ինֆորմացիան վերցնում ենք այլ ստորաբաժանումներից»,- ընդգծում է բաժնի ղեկավարը՝ ավելացնելով, որ աշխատանքը ժամանակատար է, պահանջում է ուշադրություն և պատասխանատվություն:
ԵՊԲՀ արխիվի աշխատակիցները հաշվառում են փաստաթղթերը, նախապատրաստում են պետական պահպանության ենթակա փաստաթղթերը, պահպանում համալսարանի ուսանողների, դասախոսների և գիտնականների անձնական փաստաթղթերը, քաղաքացիների դիմումների հիման վրա կազմում են տեղեկանքներ ու ճշգրտում անհրաժեշտ տեղեկությունները:
Բաժին հանձնված յուրաքանչյուր գործ ցուցակագրվում, արխիվացվում և պահպանվում է։
Մարիետա Հայրապետյանի խոսքով՝ շրջանավարտների մասին տեղեկատվությունը պահվում է իրենց անձնական գործերում, արխիվում: Արխիվը շրջանավարտին և բուհին կապող օղակն է, նախկին աշխատակիցների և շրջանավարտների վերաբերյալ ինֆորմացիա տրամադրող կառույցը: «Մեծ պատասխանատվություն է, քանի որ գիտենք, որ շատ հարցեր կախված է մեր աշխատանքից»,- նշում է նա՝ ընդգծելով, որ արխիվի աշխատանքն ակտիվանում է հիմնականում ամռան ամիսներին՝ հանգստի շրջանում: Այդ ժամանակահատվածում բուհի շրջանավարտներն արտերկրում դիմում են տարբեր բուհեր և կլինիկաներ՝ սովորելու և աշխատանքի անցնելու նպատակով, ինչի համար անհրաժեշտ փաստաթղթերը հավաքագրվում և տրամադրվում է արխիվային բաժնի կողմից:
2019 թվականից ԵՊԲՀ-ում սկսվել է թվայնացման գործընթացը, ինչը ժամանակատար, ծավալուն և շարունակական բնույթ կրող աշխատանք է:
Մարիետա Հայրապետյանի տեղեկացմամբ՝ դեռևս 2019 թվականին բժշկական բուհի շրջանավարտների թիվը 45 հազարից ավելի էր:
«Նախկինում շրջանավարտների մասին գործերը պահպանվել են 70 տարի, իսկ նոր օրենքով՝ 50 տարի: Մենք համագործակցում ենք Ազգային արխիվի հետ: Ըստ արխիվային գործի մասին օրենքի՝ որտեղ նշված է հատուկ պահպանման ցանկ, 3-5 տարին մեկ հրավիրվում է մասնագետ, որի հետ միասին առանձնացվում են վերամշակման կարիք ունեցող գործերը, ինչպես նաև այն գործերը, որոնք մշտական պահպանության են հանձնվում Ազգային արխիվին»,- ասում է նա:
Ընթացիկ տարում ԵՊԲՀ արխիվի կողմից տրամադրվել է 315 տեղեկանք և դիպլոմի 100 հավելվածի կրկնօրինակի:
ԵՊԲՀ արխիվը պատասխանում է տարբեր վարչությունների, սոցիալական բաժինների, ինչպես նաև Միջազգային կրթական ծրագրերի հարցումներին։