Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ բարձր առաջադիմությամբ ավարտած շրջանավարտները ստացան կարմիր դիպլոմներ

Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բարձր առաջադիմություն ունեցող 53 շրջանավարտներն այսօր կարմիր դիպլոմներ ստացան 100-ամյա պատմություն ունեցող քաղաքային հիվանդանոցի շենքում բացված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անվան լսարանում:

Կարմիր դիպլոմները շրջանավարտներին հանդիսավորությամբ հանձնեցին անվանի պրոֆեսորներն, սիրված դասախոսներն ու ֆակուլտետների դեկանները:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ ավարտական քննությունները սկզբունքային և առանցքային նշանակություն ունեն, և արվել է ամեն ինչ, որ դրանք համապատասխանեն միջազգային չափորոշիչներին: «Մենք պետք է կարողանանք հանգիստ խղճով ձեզ գործընկերներ կոչել և վստահ լինեք, որ կարող եք իրականացնել այն բոլոր նպատակներն ինչի համար անցել եք այս դժվարին ճանապարհը»,- ասաց ռեկտորն՝ ընդգծելով, որ բժշկի համար վստահություն առաջացնելը մեծ պատիվ է, իսկ այդ վստահությունն արդարացնելը՝ պարտականություն:

Արմեն Մուրադյանը հույս հայտնեց, որ այսպիսի ավանդույթները կգեղեցկացնեն Բժշկական համալսարանի պատմությունը և հիշարժան կլինեն բժշկական բուհն ավարտած յուրաքանչյուր ուսանողի համար: «Այսօր տեղի կունենա նաև ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի 25-ամյակին նվիրված տոնակատարությունը, ինչպես նաև, ավանդույթի համաձայն, ԵՊԲՀ անվանական կրթաթոշակառուներն ու ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտ կուրսանտները կստանան իրենց ավարտական դիպլոմները: Կեցցե՛ք դուք, որ արժանացաք Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կարմիր դիպլոմների»,- ասաց ռեկտորը՝ համոզմունք հայտնելով, որ ԵՊԲՀ յուրաքանչյուր շրջանավարտ նվիրավածությամբ կիրականացնի իր առաքելությունը:

100-ամյա բուհի կայացման ու հաջողությունների ակնքներում կանգնած ուսուցիչների խորհրդի համաձայն՝ ամեն նոր սերունդ պարտավոր է լավը լինել նախորդից, և այսօրվա սերունդն այդպիսի մեծ առաքելություն ունի: Բուհի նվիրյալները բարձր առաջադիմությամբ ավարտած ապագա բժիշկներին կոչ արեցին նայել միայն առաջ, քանի որ բժշկությունը հիմնված է փորձի, ինչպես նաև զարգացող գիտելիքների վրա: «Միշտ առաջնորդվեք «Մի՛ վնասիր» սկզբունքով: Իսկ դա հնարավոր է, եթե ունեք պատվարժան ուսուցիչներ և գիտելիքներ»,- եզրափակեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Նշենք, որ ԵՊԲՀ 923 շրջանավարտ Հիպոկրատի երդումով խոստացել են հավատարիմ մնալ բժշկի կոչմանը՝ հպարտությամբ կրելով բժշկի սպիտակ համազգեստը: