Բժշկական կրթություն ստանալու համար Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան դիմողների թիվը 1105 է: ԵՊԲՀ ընդունող հանձնաժողովի քարտուղար Կոնստանդին Մանուկյանի տեղեկացմամբ՝ 30 դիմորդ հայտ է ներկայացրել Ռազմաբժշկական, 64-ը՝ Դեղագիտական, 320-ը՝ Ստոմատոլոգիական, 691-ը՝ Ընդհանուր բժշկության ֆակուլտետ: Բուհական ընդունելության քննությունները կմեկնարկեն հունիսի 11-ին:
«Դիմումների ներկայացման երկրորդ փուլի ժամկետը հունիսի 26-ից հուլիսի 1-ն է: Ժամկետը նախատեսված է բանակից զորացրվածների, արտասահմանցի դիմորդների և ռուսալեզու հայերի համար»,-նշում է Կոնստանդին Մանուկյանը: Քննական արդյունքները կամփոփվեն հուլիսի երկրորդ տասնօրյակում և կհրապարակվեն հուլիսի 19-ին: ԵՊԲՀ ընդունող հանձնաժողովի քարտուղարի խոսքով՝ այս տարվա դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ գրեթե նույնն է:
«Ընդհանրապես, վերջին տասը տարիներին բժշկական համալսարանի դիմորդների թիվը գրեթե չի փոփոխվել»,-նշեց Կոնստանդին Մանուկյանը: