ԵՊԲՀ-ն՝ ESPGHAN 58-րդ տարեկան համագումարում

ԵՊԲՀ-ն՝ ESPGHAN 58-րդ տարեկան համագումարում

Հունիսի 24-27-ը Ֆրանսիայի Լիլ քաղաքում տեղի ունեցավ մանկական գաստրոէնտերոլոգիայի 2026 թվականի ամենահեղինակավոր միջազգային միջոցառումը՝ մանկական գաստրոէնտերոլոգիայի, հեպատոլոգիայի և սնուցման եվրոպական կազմակերպության ESPGHAN  (European Society for Paediatric Gastroenterology, Hepatology and Nutrition) 58-րդ տարեկան համագումարը, որտեղ ԵՊԲՀ-ն և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցը ներկայացրեց Մանկաբուժության թիվ 1  ամբիոնի դասախոս, մանկական գաստրոէնտերոլոգ Օլգա Ասատրյանը:

ESPGHAN-ի տարեկան համագումարը համարվում է մանկական գաստրոէնտերոլոգիայի,  հեպատոլոգիայի և սնուցման ոլորտի ամենահեղինակավոր միջազգային գիտական միջոցառումներից մեկը՝ միավորելով աշխարհի առաջատար մասնագետներին, գիտնականներին և հետազոտողներին:

Միջոցառման գիտական ծրագրի շրջանակում ներկայացվել է գիտական աշխատանք, որը նվիրված է կիստոզ ֆիբրոզի գաստրոէնտերոլոգիական դրսևորումներին երեխաների շրջանում:

Հետազոտությունն արտացոլում է հիվանդության գաստրոէնտերոլոգիական ախտանշանների կլինիկական բազմազանությունը՝ ընդգծելով դրանց վաղ ճանաչման և պացիենտների վարման բազմամասնագիտական մոտեցման կարևորությունը:

Նշենք, որ պացիենտը, ում օրինակով ներկայացվեց հոդվածը, տարիներ շարունակ հսկվում  է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում գործող Մուկովիսցիդոզի կենտրոնի բժիշկ Սաթենիկ Հարությունյանի կողմից, ով վերոնշյալ գիտական աշխատանքի համահեղինակն է:

Գիտական աշխատանքը հրապարակվել  է Journal of Pediatric Gastroenterology and Nutrition(JPGN) ամսագրի պաշտոնական հավելվածում, ինչը վկայում է դրա համապատասխանությունը միջազգային բարձր գիտական չափանիշներին: