Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ գիտական խորհուրդը շնորհավորեց «Աշխարհի մանկական բժիշկ» Լեոնիդ Ռոշալի 90-ամյակը

ԵՊԲՀ գիտական խորհուրդը շնորհավորեց «Աշխարհի մանկական բժիշկ» Լեոնիդ Ռոշալի 90-ամյակը

Բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր Լեոնիդ Ռոշալն ապրիլի 27-ին տոնում է իր 90-ամյա հոբելյանը։

Նախքան Գիտական խորհրդի օրակարգին անցնելը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց. «Լեոնիդ Ռոշալի ամբողջ կյանքի, կենսագրության խորհրդանիշն է եղել ծառայել մարդկությանը, մասնավորապես՝ երեխաներին։ Նա առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել մեր երկրի հանդեպ ամենածանր րոպեներին։ Բժշկի կերպար կերտելուց զատ, միաժամանակ, շատ մարդասեր և հայրենասեր է: Գիտական խորհրդի անունից սրտանց շնորհավորենք նրա 90-ամյա հոբելյանը և մաղթենք երկար տարիների առողջ կյանք: Նա միշտ սիրված և սպասված է ոչ միայն համալսարանում, այլև Հայաստանում»:

«Աշխարհի մանկական բժիշկ»-ը 2016 թվականից ԵՊԲՀ պատվավոր դոկտոր է։

Աշխարհահռչակ մանկական վիրաբույժ, հասարակական գործիչ Լեոնիդ Ռոշալն անգնահատելի ներդրում ունի երկրագնդի տարբեր անկյուններում արհավիրքների, ահաբեկչությունների ժամանակ դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների առողջության պահպանման գործում:

Անգնահատելի է նրա բարեկամական վերաբերմունքն ու ցուցաբերած հսկայական աջակցությունը մեր երկրին ու ժողովրդին, հատկապես՝ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից տուժած երեխաների փրկության և երջանիկ մանկություն վերադարձնելու գործում:

Նա ներկայացնում է բժշկական մի ամբողջ դարաշրջան` միշտ հայտնվելով դժբախտության մեջ գտնվող այն մարդկանց կողքին, որոնք ունեն օգնության կարիք: