Բժշկական համալսարանի գրադարանն ամռան ամիսներին շարունակում է գործունեությունը՝ ժամը 10:00-ից 15:00-ն գրաֆիկով, իսկ ընթերցասրահը սովորողների համար բաց կլինի արդեն սեպտեմբերից:
Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ բոլոր նախապատրաստական աշխատանքներն արված են:
Ինչպես նշեց ԵՊԲՀ գրադարանի վարիչ Մարինե Սարոյանը, գրադարանը պատրաստ է սեպտեմբերի 1-ին:
«Կարճ ժամանակ առաջ գրադարանին նվիրաբերված նոր գրքերը մշակվել, տեսակավորվել, համալրվել են` տեղ գտնելով ընթերցասրահում»,-հավելեց նա:
Գրադարանի վարիչի խոսքով՝ հերթերից խուսափելու համար առաջին կուրսի ուսանողներն օգոստոսի 27-ից կսպասարկվեն գրադարանում գործող կարգով:
Նա հիշեցրեց, որ գրադարանի հին ֆոդը թվայնացված է ամբողջությամբ, աշխատանք է տարվում նորերը ևս թվայնացնելու ուղղությամբ:
Մեր երկրում բժշկական բնույթի առաջին գրադարանը սպասարկում է ԵՊԲՀ ուսանողությանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ասպիրանտներին, օրդինատորներին, մագիստրոսներին, առողջապահության համակարգի աշխատակիցներին:
«Գրադարանն այցելուներ ունի ողջ ուսումնական տարվա ընթացքում: Ակտիվությունը նկատվում է սեպտեմբերին և քննական շրջանում»,-նշեց Մարինե Սարոյանը՝ ավելացնելով, որ գրադարանավարների գործում կարևորվում է համբերատարությունն ու պատասխանատվությանը, իսկ ուսանողներից ակնկալվում է հոգատարություն և խնամք գրքերի նկատմամբ: