ԵՊԲՀ համալսարանական հիվանդանոցային համալիրներն իրենց բուժաշխատակիցներով հանդերձ մշտապես կանգնած են առողջապահական ծառայությունների կարիք ունեցող մեր հայրենակիցների կողքին` ջանք ու եռանդ չխնայելով պացիենտների բարօրության և առողջության պահպանման ու ամրապնդման համար:
Համասլարանական երեք հիվանդանոցներն ամփոփել են սեպտեմբերի 19-ին և դրան հաջորդող ժամանակահատվածում Արցախի Հանրապետությունից տեղափոխված մարդկանց ցուցաբերված բժշկական օգնության արդյունքները:
ԵՊԲՀ հիվանդանոցային համալիրները բժշկական օգնություն են ցուցաբերել 172 հայրենակցի, որոնցից 116-ը բուժվել է հիվանդանոցային պայմաններում, իսկ 56-ը՝ արտահիվանդանոցային:
Այդ թվում, «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում սեպտեմբերի 20-ից մինչ օրս բժշկական օգնություն և սպասարկում են ստացել 64 պացիենտ, որից 56-ը՝ հիվանդանոցային, իսկ 8-ը` արտահիվանդանոցային պայմաններում:
Հիվանդանոցային պայմաններում բուժում պահանջող դեպքերի գերակշիռ մասը կազմել են «այրվածքային շոկ» ախտորոշմամբ ընդունված պացիենտները` թվով 30 անձ: Մյուս պացիենտների շրջանում առավել տարածված ախտորոշումները եղել են արյան շրջանառության, շնչառական համակարգի, մարսողական համակարգերի հիվանդությունները, ինչպես նաև չարորակ նորագոյացությունները:
Հարկ է նշել նաև, որ «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում արդեն իրենց մասնագիտական գործունեությունն են ծավալու Արցախից տեղափոխված ինչպես ավագ, այնպես էլ միջին բուժաշխատողներ:
Նույն ժամանակահատվածում «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում բժշկական օգնություն է ստացել արցախահայ 63 քաղաքացի, որոնցից 44-ը սպասարկվել են արտահիվանդանոցային, իսկ 19-ը՝ հիվանդանոցային պայմաններում: Պացիենտների մի մասը դեռևս շարունակում է բուժումը հիվանդանոցային համալիրում:
Առավել տարածված ախտորոշումներն են վնասվածքները, այդ թվում նաև բեկորային, արյան շրջանառության համակարգի և աչքի և նրա հավելյալ ապարատի հիվանդությունները:
«Մուրացան» մանկական հիվանդանոցային համալիրում սեպտեմբերի 19-ից հետո կազմակերպվել և իրականացվել է Արցախից տեղահանված երեխաների պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում:
Այսպես, հիվանդանոցային պայմաններում բուժման կարիք են ունեցել հիվանդանոց ընդունված 45 երեխաներից 41-ը, իսկ արտահիվանդանոցային պայմաններում սպասարկվել է 4 երեխա:
Հիվանդանոցային բուժում պահանջող դեպքերից 9-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային վարակ, 15-ի մոտ՝ վերին շնչառական ուղիների սուր վարակ, այդ թվում` սուր բրոնխիտ, բրոնխիոլիտ և թոքաբորբ, 8 երեխայի մոտ ախտորոշվել է տարբեր բնույթի վնասվածքներ, իսկ 1 երեխայի մոտ՝ ջերմային այրվածք:
ԵՊԲՀ ամբողջ անձնակազմը՝ արտակարգ և պատերազմական իրավիճակներում մշտապես լինելով իրադարձությունների առաջնագծում, հավատարիմ լինելով իր առաքելությանը, այս անգամ ևս շարունակում է կատարել մասնագիտական պարտքը՝ ուղղված բնակչության առողջության պահպանմանը, ամրապնդմանը և վերականգնմանը: