«Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիա» դրամաշնորհային ծրագրի երկրորդ փուլում կայացավ ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, ՈՒՎԼ ծրագրի ղեկավար Կոնստանտին Ենկոյանի այցը Ստոկհոլմ (Շվեդիա):
Գործուղման շրջանակում պրոֆեսորը հյուրընկալվեց աշխարհի լավագույն 50 և Եվրոպայի լավագույն 10 համալսարանների ցանկում առանձնացող Կարոլինսկա ինստիտուտ, որը, ի թիվս իր հիմնական գործառույթների, հայտնի է բժշկության և ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակակիրների ընտրությամբ: Կարոլինսկա ինստիտուտում կայացան մի շարք այցելություններ, հանդիպումներ ու քննարկումներ՝ ԿԻ ֆիզիոլոգիայի և ֆարմակոլոգիայի բաժանմունքի ավագ հետազոտող, դոցենտ Սուրեն Մկրտչյանի հետ համատեղ ձևավորված օրակարգի համաձայն:
Այցի ընթացքում նախատեսված էր ծրագրի ղեկավարի այցը “Biomedicum”` ԿԻ հետազոտությունների «ուժային կենտրոն» հանդիսացող 65 հազար քմ տարածքով նոր գերժամանակակից լաբորատոր մասնաշենք, որի կազմում գործում է 5 հիմնական ստորաբաժանում, 26 լաբորատորիա և 11 համատեղ օգտագործման ենթակառուցվածք:
Կոնստանտին Ենկոյանի հաջորդ կանգառը Կարոլինսկա ինստիտուտի մյուս առանցքային ենթակառուցվածքն էր՝ Համեմատական բժշկության բաժանմունքը (Comparative Medicine Unit), որի հիմնական առաքելությունը կենդանիների փորձարարության բոլոր ասպեկտների կառավարումն է: Այս ենթակառուցվածքում է ներառված փորձարարական կենդանիների հիմնական միավորը:
Գործուղումն առանձնացավ հանդիպումների շարքով, որոնց ընթացքում ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի գլխավոր գիտաշխատող, պրոֆեսոր Ենկոյանը ներկայացրեց կենտրոնի նպատակը, դրա շուրջ ուրվագծված հետազոտական ուղղությունները: Այս ձևաչափով քննարկված հարցերն ու առաջարկությունները, ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են շոշափելի արդյունքներ տալ ԵՊԲՀ-ի և Կարոլինսկա ինստիտուտի հետազոտողների միջև համագործակցության նոր ուղիների ձևավորման հարցում:
Կարոլինսկա ինստիտուտի և դրա առանձին միավորների կառուցվածքին և աշխատանքային գործունեությանը տեղում ծանոթանալը մեծապես կնպաստի «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնում ստեղծվելիք տարածքով փոքր, բայց հետազոտական հավակնոտ նպատակներ հետապնդող կառուցվածքային միավորի՝ ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիայի արդյունավետ նախագծմանն ու գործարկմանը:
Նշենք, որ գործուղումը կայացավ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջափուլով իրականացվող «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիա» դրամաշնորհային ծրագրի երկրորդ փուլում:
Կարոլինսկա ինստիտուտ այցի մանրամասներին կարող եք ծանոթանալ հղմամբ :