Բժշկական համալսարանի հնդիկ շրջանավարտները տասնամյակներ անց նույնիսկ չեն մոռանում հարազատ կրթօջախը․ ավարտելուց ի վեր 27 տարի անց 50-ամյա Պունամ Մեհտան (Դաբաս) առաջին անգամ է ոտք դնում մայր բուհ, որտեղ հարազատ է ամեն ինչ, որտեղ արթնանում են ամենաթանկ հիշողությունները՝ խտացնելով տարիների ձեռքբերումները, աճն ու գիտելիքը։
Միացյալ Թագավորությունում գործունեություն ծավալող մասնագետի խոսքով՝ համալսարանը կարևոր հարթակ է տրամադրել իրեն՝ սովորելու և բժիշկ լինելու համար։
«Եթե չգայի այստեղ՝ Երևան, և չսովորեի բժշկական համալսարանում, չէի լինի այնտեղ, որտեղ հիմա եմ։ Մեր դասախոսները հոգ էին տանում մեր մասին, այցելում մեզ հանրակացարանում։ Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը մեզ համար հոր պես է եղել: Եվ տարիներ անց ես շատ ուրախ եմ նրան կրկին հանդիպելու համար», – պատմում է Պունամ Մեհտան, որի որդին՝ 19-ամյա Ռահուլ Մեհտան, ևս կրթություն է ստանում բժշկական համալսարանում։ Հայաստանը նրանց ընտանիքի համար արդեն երկրորդ տուն է․ Պունամի հարազատ եղբայրը՝ Արուն Դաբասը, նույնպես ԵՊԲՀ շրջանավարտ է։ «Այնքան ընկերներ ենք ձեռք բերել այստեղ, հատկապես՝ Աշտարակում, հայկական հարսանիքների ենք մասնակցել։ Մենք դեռ կապի մեջ ենք նրանց հետ, նրանք այցելել են մեզ Մեծ Բրիտանիայում», – հիշում է հնդիկ շրջանավարտը:
Բժշկական բուհն ավարտած բազմաթիվ բժիշկներ, նրա փոխանցմամբ, այժմ աշխատում են աշխարհի առաջատար կենտրոններում։
«Ունեմ հայ ընկերներ, որոնք ազդեցիկ հաջողությունների են հասել Մեծ Բրիտանիայում», – փաստում է Պունամ Մեհտան։
Ամուսինը՝ Ռաջաշ Մեհտան, մենեջեր է, քաղաքական գործիչ։ Նա Մեծ Բրիտանիայի կառավարության անդամ է, եղել է նաև Թելֆորդի քաղաքապետ (2018 և 2022 թվականներին):
Չնայած նրան, որ Դաբասների ընտանիքում բժշկի մասնագիտությունը կրող չկար, Պունամը դեռ փոքրուց երազում էր բժիշկ դառնալու մասին։ «Մայրս ուսուցչուհի է։ Նա հինդի էր դասավանդում Հնդկաստանում: Հայրս գիտնական է, նա մաթեմատիկայի և ֆիզիկայի ոլորտներում գիտությունների թեկնածու է: Նրա գործընկերներից մեկի աղջիկն այդ ժամանակ սովորում էր Ռուսաստանում։ 1991 թվականին նա ավարտեց և ինձ առաջարկեց գալ Հայաստան։ Երկու տարի հետո եկավ եղբայրս՝ Արուն Դաբասը, դրանից երեք տարի անց եկավ քույրս՝ Վանդանան, որը սովորում էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում», – նշում է Պունամ Մեհտան, որը բժշկական համալսարանն ավարտել է 1998 թվականին։
«Միշտ երազել եմ Հայաստան վերադառնալու մասին։ Այստեղ մարդիկ այնքան ընկերասեր են: Մենք ջերմ հիշողություններ ունենք։ Կարծում եմ՝ հայկական մշակույթը նման է հնդկականին», – նկատում է շրջանավարտը։
Այժմ Պունամ Մեհտան աշխատում է Մեծ Բրիտանիայում՝ սեփական կլինիկայում. «Մասնագիտացած եմ շաքարային դիաբետի և սեռական առողջության ոլորտում, նաև դասավանդում եմ», – տեղեկացնում է նա՝ հավելելով, որ այս պահին ունի 6 ուսանող Բիրմինգհեմի բժշկական կենտրոններից մեկում։