Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ-ն Ամիրդովլաթ Ամասիացու «Օգուտ բժշկության»` շուրջ 300 տարի առաջ ընդօրինակված ձեռագիրը նվիրաբերեց Մատենադարանին

ԵՊԲՀ-ն Ամիրդովլաթ Ամասիացու «Օգուտ բժշկության»` շուրջ 300 տարի առաջ ընդօրինակված ձեռագիրը նվիրաբերեց Մատենադարանին

Նոյեմբերի 15-ը հիշարժան դարձավ բժշկական համալսարանի համար. մեկտեղվեց երկու բացառիկ իրադարձություն: Ուսանողների օրվան և նոր գրադարանի ստեղծմանն ընդառաջ` բժշկական համալսարանի ուսանողների նախաձեռնությամբ մասնավոր հավաքածուից ձեռք է բերվել միջնադարի բնագետ-բժիշկ, մատենագիր, բառարանագիր Ամիրդովլաթ Ամասիացու «Օգուտ բժշկության»` շուրջ 300 տարի առաջ ընդօրինակված ձեռագիրը (18-րդ դար), որն այսօր համալսարանականների կողմից հանդիսավորությամբ փոխանցվեց Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին:

Արարողության մեկնարկը բուհում նշանավորվեց ձեռագիրը ճանապարհելու պատմական միջոցառմամբ, որին մասնակցում էին Հոգաբարձուների և Գիտական խորհրդի անդամներ, ապագա բժիշկներ:

«Ինչպես գիտեք, իր այս աշխատության մեջ մեծանուն բժշկապետը շարադրել է անատոմիային և ֆիզիոլոգիային վերաբերող տվյալներ` հիմքում դնելով մարդու կազմախոսության ամբողջականության, օրգանների կենսագործունեության փոխկապակցվածության գաղափարը` անդրադառնալով տեսական բժշկագիտության մի շարք հիմնարար խնդիրների: Թույլ տվե’ք առանց հապաղելու Մատենադարանի տնօրինության և ողջ աշխատակազմի անունից խորին շնորհակալություն հայտնել նախաձեռնության համար, որի իմաստը շատ ավելին է, քան զուտ Մատենադարանի ձեռագրական հավաքածուն ևս մեկ միավորով համալրելը: Ոչ միայն արժեք է հանձնվում, այլև ստանում եք Մատենադարանում սեփականատեր լինելու ձեր վկայականը», – ասաց  Երևանի Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի մատենադարան-ինստիտուտի տնօրեն Արա Խզմալյանը:

Տնօրենի գնահատմամբ` մի քանի հարյուր ուսանող, որոնց պետք է վստահվի Հայաստանի քաղաքացիների առողջությունն ու կյանքի որակը, մուտք կգործեն Մատենադարան, կայցելեն ցուցասրահներ, մասնակից կդառնան հավաքածուների համալրմանը, այլ կերպ ասած` կճանաչեն մեր ազգային գանձարանը, որն օրվա մեծ խորհուրդն է:

ՀՀ ԿԳՄՍ նախարար, Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը շեշտեց, որ կրկնակի կարևոր է ներկա գտնվել այս միջոցառմանը:

«Լինելով ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչը՝ մի կողմից ներգրավված բարձրագույն կրթության ոլորտի, մյուս կողմից` Մատենադարանի աշխատանքների համակարգմանը՝ կրկնակի առիթ ունեմ տեսնելու, թե ինչպես կարող է համագործակցությունն ավելի մեծ արդյունք բերել թե՛ կրթությանը, թե՛ հետազոտությանն ու մշակութային ժառանգությանը», – ասաց նախարարը՝ խորհրդանշական համարելով, որ Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ բժշկական համալսարանի սովորողները հենց այսպիսի քայլ են կատարում:

«Գալով Մատենադարան, բերելով կարևոր աշխատություններից մեկը, որը նաև մեր սեփական պատմությունն է, մեր գիտության, մեր բժշկության պատմությունը` ապագա բժիշկները ցույց են տալիս այն արժեքները, որոնք կարևոր են և օգնում են դառնալ այն մասնագետը, որի կարիքն ունենք», – ընդգծեց նա՝ հատուկ շնորհակալություն հայտնելով բուհին՝ նախաձեռնության և դրա իրականացման համար:

Նախարարը կարևորեց այն, որ ապագա բժիշկները, բացի նոր տեխնոլոգիաներին, արդի միջոցներին ծանոթանալուց, հայացք նետեն նրան, ինչ մենք ունեցել ենք, ինչի վրա կառուցել ենք, որտեղ ուսանելի դասեր կան քաղելու և առաջ գնալու:

 «Ուրախ եմ, որ դուք ընտրել եք հենց այդ ճանապարհը, դա նշանակում է՝ ճիշտ ճանապարհին եք», – շնորհավորելով Ուսանողների միջազգային գալիք օրվա առիթով՝ Ժաննա Անդրեասյանը մաղթեց, որ հետագա գործունեության մեջ ուսանողները գրանցեն իրենց կողմից սահմանված հաջողությունները, որոնք լինելու են ոչ միայն իրենց անձնական, այլև մեր պետության ու հանրության հաջողությունները:

«Բժիշկ լինելը մի կարևոր առաքելություն է, որից կախված է մեր հանրային առողջությունն ու կյանքի որակը: Վստահ եմ, որ ձեր բոլոր հետագա քայլերով նպաստելու եք հանրային առողջության ու բոլորիս կյանքի որակի ամրապնդմանը», – եզրափակեց նախարարը:

«Այսօր հիշարժան և պատմական օր է բժշկական համալսարանի համար: Դուք բոլորդ այսօր կազմեցիք մի երևույթի մաս, որը, դեմքով միտված լինելով ապագային, այնուամենայնիվ, ապացուցեց որ իր արմատները, հիմքերը այնքան ամուր են, այնքան հուսալի, որ որևէ տեսակի նոր տեխնոլոգիաները չեն կարող բժշկի գթասրտությանն ու մեծահոգությանը փոխարինել: Ձեր այսօրվա քայլը, ոգեշնչված լինելով մեր գործընկեր «Կերոն» հիմնադրամի կողմից նախաձեռնված բժշկական համալսարանում նորաստեղծ գրադարանով, Մատենադարանին նվիրաբերել միջնադարյան մեծանուն բժշկապետ, աշխարհահռչակ Ամիրդովլաթ Ամասիացու «Օգուտ բժշկության» մասունքը: Այս քայլը կարող է դառնալ ոչ միայն օրինակելի, այլև բարի ավանդույթ մեր այլ բուհերի ուսանողների համար: Արհեստական բանականությունը չի կարող փոխարինել այն ոգեշնչմանը, որը ձեզնից յուրաքանչյուրի մեջ այսօր տեսա: Ես հպարտ եմ ձեզանով, երբեք այսպես չեմ հպարտացել, ինչպես այսօր, երբեք այսպիսի հուսալիություն չեմ զգացել, ինչպես այսօր: Յուրաքանչյուրդ միասին կարողացաք իրականացնել բոլորիս չարտահայտված երազանքը: Այո՛, դո՛ւք արժանի ապագան եք Մատենադարանի, արժանի ապագան եք հայ ժողովրդի», – ճերմակ խալաթը կրողների քայլերթը բժշկական համալսարանից դեպի Մատենադարան առաջնորդելուց հետո ելույթում ասաց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Աշխատության ընդունման կարևոր պատասխանատվությունը ստանձնեց Մատենադարանի բժշկապատմաբան Դոնարա Կարապետյանը, որի գիտական հետաքրքրությունը միջնադարյան բժշկագիտության պատմությունն է։

Այս ձևաչափով ընդգծվում է նաև սերունդների համերաշխության, մասնագիտական շարունակականության գաղափարը։

«Կես դարից ավելի Մատենադարանում աշխատանքային կենսագրություն ունենալով և հետամուտ լինելով միջնադարյան հայ բժշկագիտության պատմությանը՝ տեսել եմ նվիրատուների, բարերարների, մտավորականների, որոնց պարտքն է եղել նվիրաբերել տարբեր բնույթի և ոլորտների ձեռագրեր։ Լինելով բժիշկ, լինելով մայր բուհի շրջանավարտ՝ ես իսկապես խորհրդանշական եմ համարում այս նվիրատվությունը, որովհետև գրեթե առաջին անգամ եմ առնչվում մասնագետների կողմից ձեռագրի նվիրատվությանը։ Բժշկական համալսարանի ուսանողների շնորհիվ մենք ունեցանք 15-րդ դարի մեծ բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացու ամենահանճարեղ գիտական գործերից մեկը՝ «Օգուտ բժշկության» գրքի` գրեթե 3 դար առաջ եղած ընդօրինակությունը։ Դուք պարտավոր եք հետամուտ լինել միջնադարյան հայ բժշկագիտության ուսումնասիրության գաղտնիքներին։ Մենք սիրով սպասում ենք ձեզ, որովհետև այսօրվա 21-րդ դարի զարգացած բժշկագիտության պայմաններում գիտական բժշկության ուսումնասիրությունը կարևորագույն խնդիր է»,- երախտագիտության խոսքը ներկաներին հղելով` ասաց Դոնարա Կարապետյանը` հավելելով, որ «Ամիրդովլաթ» օտարահունչ անունը կրող Ամասիացի մեծ բժշկապետը Փոքր Հայքի Ամասիա կենտրոնի քրիստոնյա հայ ընտանիքի որդի էր, որը հետագայում իր բժշկագիտական, հանրագիտական փայլուն և անսպառ գիտելիքի համար ժամանակակիցների կողմից արժանացավ «Ամիրդովլաթ», այսինքն՝ գիտելիքի հզոր կարողության տեր մարդ կոչմանը։

«Ես իմ խոնարհումն եմ բերում ապագա բժիշկներին այս հրաշալի օրվա և այս նվիրատվության համար», – հավելեց տիկին Դոնարան:

Այս գեղեցիկ, ազնիվ միջոցառման հիմքում ապագան է, որի կերտման ուղղությամբ ապագա բժիշկներն ունեն իրենց կարևոր ներդրումը` ապավինելով նաև հարուստ ու պատմական անցյալին, որն ունի մեր երկիրը, հայրենի բժշկագիտությունը:  Սա նաև խորհրդանշում է և առանձնակի կարևորվում է բժշկական համալսարանի և գործընկեր կառույցների, հատկապես` «Կերոն» զարգացման հիմնադրամի հետ համագործակցությունը, որի աջակցությամբ կստեղծվի նոր` լիովին վերակառուցված և արդիականացված գրադարան:

«Ուրախությամբ և մեծ հպարտությամբ հայտարարում եմ, որ շուտով բժշկական համալսարանի շենքում կգործի ժամանակակից հագեցվածությամբ, նորարարական, թվայնացված մի նոր միջավայր: Չեմ ասում միայն գրադարան, որովհետև դա լինելու է աշխարհայացք փոխող մի տարածք, – բժշկական համալսարանում իր ելույթում նշեց «Կերոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը` ավելացնելով, որ «կերոն» նշանակում է մոմ, ջահ, լույս, և իրենք հավատացած ենք, որ հիմնադրամի առաքելությունը փոքր լույսերի միջոցով և լավագույն մասնագետների ներգրավմամբ, մտածելակերպ փոխելն է, տարբերվող, առաջադեմ հասարակություն ունենալը:

Պատմական շնչով հագեցած օրվա մեկնարկը նույնպես հանդիսավոր էր, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի բացառիկ արժեքավոր ձեռագրական հավաքածուից «Շուխոնց ավետարան» թղթե ձեռագիր մատյանը` գիտահետազոտական ինստիտուտի և թանգարանի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ հատուկ արարողակարգով վեց ժամով (12:00-18:00) ի պահ փոխանցվեց Զինվորի տանը:  

Գիտության և պատմության տաճար Մատենադարանից` դեպի գթասրտության, ժողովրդի կողմից ձևավորված տաճար` Զինվորի տուն, փոխանցվեց խնդրակատար ավետարանը: