Բժշկական համալսարանի գրադարանը կվերանորոգվի «Կերոն» զարգացման հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում: Գրադարանը կունենա նորագույն տեխնոլոգիաներով հագեցած բաց և փակ դահլիճներ, հանգստյան գոտիներ, ինչը կապահովի ուսումնական ռեսուրսների հետ շփման հետաքրքիր և նորարարական ձևաչափ՝ ստեղծելով ուսանողների համար յուրահատուկ և ոգեշնչող տարածք։
Գրադարանի վերանորոգումը կարևոր քայլ է կրթական ռեսուրսների հասանելիության բարձրացման գործում։ Այս նոր տարածքը ոչ միայն կապահովի արժեքավոր տեղեկատվության հասանելիություն, այլև ուսանողներին կընձեռի սովորելու և համագործակցելու նոր հնարավորություններ: Բաց տարածքների և հանգստի գոտիների առկայությունը խրախուսելու է հանգիստ ուսումնական գործընթաց՝ տրամադրելով ուսանողներին մոտիվացված և հաճելի միջավայր՝ սովորելու և ոչ ֆորմալ միջավայրում շփվելու համար։
Նոր գրադարանը կհեշտացնի ուսուցման և հետազոտության համար անհրաժեշտ նյութերի հասանելիությունը: Այն կլինի ԵՊԲՀ առաքելության հիմնասյունը՝ նպաստելով մարդու առողջության պահպանմանն ու կյանքի որակի բարելավմանը՝ առաջադեմ բժշկական կրթության միջոցով։
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը համագործակցության հուշագիր ստորագրեցին:
Արմեն Մուրադյանը նշեց, որ «Կերոն» զարգացման հիմնադրամի և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի համագործակցության նպատակը միջազգային չափորոշիչներին համապատասխան, նորագույն լուծումներով և ուսանողների համար հարմարավետ պայմաններով մասնագիտական գրականության համար գրադարանի և ընթերցասրահի ստեղծումն է։
«Բժշկական բուհն ունի հետազոտական և ակադեմիական նյութերի տպավորիչ հավաքածու, ինչը կարևորում է գրադարանի արդիականացման անհրաժեշտությունը՝ ուսանողներին աջակցելու արժեքավոր տեղեկատվություն գտնելու, հետաքրքիր հնարավորություններ ձեռք բերելու, խթանող ու հաճելի ուսումնական միջավայր ստեղծելու համար: Նոր ընթերցասրահի ստեղծումը ուսանողներին կշահագրգռի հարմարավետ պայմաններով մասնագիտական գրականության ուսումնասիրության, բժշկագիտության զարգացման և հետազոտական աշխատանքների իրականացման համար ավելի մեծ թվով ուսանողների ներգրավման նպատակ, ինչն իր հերթին կընձեռի արժեքավոր տեղեկատվության հասանելիության, ուսանողներին սովորելու և համագործակցելու նոր հնարավորություններ»,- ընդգծեց ռեկտորը` հավելելով, որ հիմնադրամի այս նախաձեռնությունը հնարավորություն կտա ձևավորել գրականության և էլեկտրոնային միջոցների նոր միջավայր, հարթակ: Այն, ինչպես ապագա բժիշկներին, այնպես էլ դասախոսներին թույլ կտա հաղորդակցվել միմյանց հետ՝ ներկայացնելով բժշկագիտության բնագավառի վերջին ձեռքբերումները:
Շնորհավորելով համալսարանականներին` ռեկտորը առանձնահատուկ ընդգծեց, որ հուշագիրը ստորագրվում է 104-ամյա պատմություն և շուրջ 31 000 շրջանավարտ ունեցող բժշկական բուհի համար խորհրդանշական վայրում` թանգարանում:
Բուհի ղեկավարն ապագայում ձևավորվող գրադարանն անփոխարինելի հարթակ գնահատեց, որը ոչ միայն կրթական տարածք է, այլև ներդրում՝ հետագայում հազարավոր մարդանց առողջության պահպանման ու վերականգնմանն ուղղված գործում:
«Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը, ներկայացնելով նախագծի վերաբերյալ իր տեսլականը, տեղեկացրեց, որ հիմնադրամը մեծ սիրով է ստանձնել այս պատասխանատվությունը` ի նպաստ բժշկական համալսարանի, Հայաստանի հանրապետության կրթության և տվյալ դեպքում նաև առողջապահության ոլորտի զարգացման: Նա հաջողություն մաղթեց և վստահեցրեց, որ վերջնարդյունքում կյանքի կկոչվի որակյալ մի նախաձեռնություն:
«Վստահ եմ, որ Երևանի պետական բժշկական համալսարանի գրադարանը կդառնա մի տարածք, որը կոգեշնչի բացահայտումներ, նորարարություններ և ակադեմիական գերազանցություն: Այս նախագիծը բժշկական կրթության ապագայի համար կարևոր ներդրում է»,-եզրափակեց նա։
Ուշագրավ է, որ զարգացման հիմնադրամը ստանձնում է գրադարանի, ընթերցասրահի կառուցման, նորոգման ողջ գործընթացը, ներառյալ՝ մատակարար և կառուցապատող ընկերության ընտրություն, նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման պատվիրում, ֆինանսավորում և այլն, իսկ համալսարանը պետք է տրամադրի անհրաժեշտ տարածքը, նախագծային առաջադրանքը համաձայնեցնի, հաստատման ներկայացնի իրավասու մարմիններին, համատեղ կարգով ընդունի աշխատանքի արդյունքները։
«Կերոն» զարգացման հիմնադրամի նպատակն է Հայաստանում ստեղծել այնպիսի միջավայր, որը գրավում է նախաձեռնող անհատներին՝ խթանելով նրանց ջանքերը հասարակության և երկրի բարգավաճման գործում։
Կարևորելով իրական հաջողության պատմություններն ու տարածելով հաջողված փորձը՝ նրանք ձգտում են աջակցել տարբեր ոլորտներին՝ նպաստելով Հայաստանի բարգավաճմանը, կառուցելով կայուն ապագա ընդհանուր ջանքերի և հզոր մարդկային կապիտալի միջոցով։
Համագործակցության հուշագրի ստորագրմանը ներկա էին ԵՊԲՀ պրոռեկտորները, դեկանները, աշխատակազմի ներկայացուցիչները, ինչպես նաև շրջանավարտներ:
Դեկանները ևս փաստեցին, որ գրադարանային արդիականցմանն ուղղված այս նախաձեռնությունը, որը կիրառվում է նաև արտասահմանում, կնպաստի ապագա բժիշկների արտալսարանային շփման միջավայրի թարմացմանը, թիմային մտածելակերպի խթանմանը: