Կլինիկական օրդինատոր Սաթենիկ Գաբրիելյանը ընտրել է բժշագիտության մեջ նոր զարգացող ճյուղ՝ մանուկների և դեռահասների գինեկոլոգիան:
Ոլորտն, ըստ ապագա մասնագետի, մեծ պահանջարկ ունի:
Զարգացող այս գիտությունը համակցում է բժշկության այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են գինեկոլոգիան և էնդոկրինոլոգիան. «Երեխաների հետ աշխատանքն ինձ տալիս է մեծ եռանդ և ոգևորություն բժշկությունն առավել խորը ուսումնասիրելու համար։ Յուրաքանչյուր բժիշկ, ով աշխատում է երեխաների հետ, կփաստի դա»:
Կլինիկական օրդինատուրան նա անցնում է Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնում` պրոֆեսոր Արմինե Հարությունյանի ղեկավարությամբ:
Երիտասարդ բժիշկն օրդինատուրայում ուսումնառությանը զուգահեռ մասնագիտական գործունեություն է ծավալում ԵՊԲՀ օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնում ՝ որպես ասիստենտ։
Խոսելով այս ոլորտի մասին` նա ներկայացնում է մասնագիտական գրականության ցանկը, որը խորհուրդ է տալիս կարդալ բժշկագիտության այս ուղղությունն ընտրելիս:
«Աղբյուրները բազմաթիվ են, խորհուրդ կտամ ծանոթանալ Emans Laufer Goldsteins pediatric and Adolescent Gynecology,Sanfilippo’s Textbook of Pediatric and Adolescent Gynecology գրքերին, որոնցից ես օգտվում եմ։ Այս երկու հրատարակությունը հիմնված է ապացուցողական բժշկության տվյալների վրա, ներառում է հիմնական հիվանդությունները, որոնք հանդիպում եմ պրակտիկ աշխատանքի ընթացքում»,-ընդգծում է ԵՊԲՀ սովորողը, որն աչքի է ընկնում առաջադիմությամբ ու լավ մասնագետ դառնալու ձգտմամբ: