Բժշկական համալսարանի կազմում գործող, միջին մասնագիտական կրթություն իրականացնող ԵՊԲՀ քոլեջում կրթական նոր ծրագրերի ներդրումն ու մասնագիտությունների ցանկի ընդլայնումը շարունակական գործընթաց է։
Քոլեջի մասնագիտություններին («Քույրական գործ», «Բուժական գործ», «Լաբորատոր ախտորոշում», «Ատամնատեխնիկական գործ», «Դեղագործություն») 2021-2022 ուսումնական տարում ավելացավ ևս մեկը՝ «Պրոթեզիստ-օրթեզիստ-տեխնիկ» մասնագիտությունը։
«Պրոթեզիստ-օրթեզիստ-տեխնիկ մասնագիտությամբ սովորելու հնարավորություն Հայաստանում առկա է միայն բժշկական համալսարանի քոլեջում։ Մասնագիտությունը ներդրվել է՝ հաշվի առնելով նախորդ տարվա պատերազմի հետևանքով երկրում ստեղծված իրավիճակն ու հանրապետությունում այս ոլորտի մասնագետների սակավաթվությունը»,-նշում է ԵՊԲՀ քոլեջի տնօրեն Ալեքսան Հովհաննիսյանը։
Քոլեջում միջին մասնագիտական կրթություն ստացող ապագա պրոթեզիստ-օրթեզիստ-տեխնիկները բացառիկ հնարավորություն ունեն գործնական հմտություններ ձեռք բերել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում՝ Զինվորի տանը։
«Ոչ միայն մեր երկրում, այլև տարածաշրաջնում Զինվորի տունը հագեցած է ժամանակակից սարաքավորումներով և ոլորտի լավագույն մասնագետներով, ովքեր իրենց փորձը և գիտելիքները փոխանցում են մեր ուսանողներին»,- ընդգծում է քոլեջի ղեկավարը՝ հավելելով, որ նոր մասնագիտությամբ ուսանողներն այժմ 24-ն են։ Նախատեսվում է առաջիկայում այս թիվը կրկնապատկել։
Քոլեջը չի սահմանափակվելու առկա մասնագիտություններով․ ընդլայնումը նոր, պահանջված ուղղություններով օրակարգում է։
Նախանշված նպատակներից է քոլեջում եռալեզու ուսուցման ներդրումը՝ հաշվի առնելով, որ ԵՊԲՀ հնարավորությունները թույլ են տալիս ներդնել քոլեջում եռալեզու ուսուցում։ Այս քայլը հնարավորություն կընձեռի ներգրավել օտարերկրացի դիմորդներ և մրցունակ լինել նաև արտերկրում։
Ալեքսան Հովհաննիսյանը տեղեկացնում է նաև, որ ԵՊԲՀ-ի կողմից վերամշակված ծրագրային փոփոխությունների շնորհիվ, 2020/2021 ուստարում քոլեջ ընդունված ուսանողները հնարավորություն կունենան ուսումը շարունակել համապատասխան մասնագիտությամբ բժշկական համալսարանի երկրորդ կուրսում՝ առանց պետական ընդունելության քննությունների։
Տնօրենի փոխանցմամբ՝ այս պահին ամենապահանջված մասնագիտություններից է քույրական գործը։ Նշենք, որ միայն ԵՊԲՀ քոլեջում է գործում «Բուժական գործ» մասնագիտությունը, որն ընտրած դիմորդներն ավարտելով ուսումնառությունը, ստանում են ենթասպայի կոչում և որպես բուժակ ծառայության են անցնում ՀՀ պաշտպանության նախարարությունում։
Բժշկական համալսարանի քոլեջն այսօր ունի շուրջ 600 ուսանող։ Կրթական հաստատություն կարող են ընդունվել 9-րդ և 12-րդ դասարաններն ավարտած աշակերտները՝ առանց տարիքային սահմանափակման: