Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ քոլեջում կներդրվի նոր մասնագիտություն

ԵՊԲՀ քոլեջում կներդրվի նոր մասնագիտություն

Եր­ևա­նի Մ­խի­թար ­­­Հե­րա­ցու ան­վան պե­տա­կան բժշկա­կան հա­մալ­սա­րա­նի կազ­մում գոր­ծող ԵՊԲՀ քո­լեջը շարունակում է ընդլայնել միջին մասնագիտական կրթություն իրականացնելու շրջանակը, ինչպես նաև ծրագրում է 2024-2025 ուսումնական տարում ներդնել անգլալեզու և ռուսալեզու կրթական ծրագիր, ինչը հնարավորություն կտա ավելի շատ ուսանողներ ներգրավել արտերկրից:

 ԵՊԲՀ քոլեջի տնօրեն Ալեքսան Հովհաննիսյանը ներկայացնում է իր կողմից ղեկավարվող կրթական կառույցի գործունեությունը, առաջնահերթություններն ու առաջիկայում ներդրվող ծրագրերը:

-Ինչու՞ ընտրել ԵՊԲՀ քոլեջը: Ի՞նչ ակնկալիքներով են ընդունվում և ավարտում ուսանողները:

-Քոլեջն, ինչպես գիտեք, գործում է բժշկական համալսարանի ենթակայության ներքո, ինչը հնարավորություն է տալիս, որ ուսանողներին դասավանդի բուհի դասախոսական կազմը: Դասընթացներն անցկացվում են բժշկական համալսարանի ամբիոններում և կլինիկաներում:

Միջին մասնագիտական կրթական այս հաստատությունը պատ­րաս­տում է այն­պի­սի մաս­նա­գետ­ներ, որոնք  մաս­նա­գի­տութ­յամբ աշ­խա­տե­լու հա­մար հե­տա­գա­յում չեն ունե­նա ան­հա­տա­կան ու­սուց­ման անհրաժեշտութ­յուն և ­ձեռք կբե­րեն աշխատանքային փորձ՝ սկսած ու­սա­նո­ղա­կան տա­րի­նե­րից:

Բոլոր մասնագիտություններով ուսանողներն իրենց գործնական հմտություններն անցնում են համալսարանական հիվանդանոցներում, կատարում կամավորական աշխատանքներ: Դա կարևոր հանգամանք է բժշկագիտության մեջ՝ միջին մասնագիտական բժշկական կրթության ոլորտում, որը բացի գիտելիքից սովորողին տալիս է պրակտիկ հմտություններ՝ առանցքային դեր խաղալով հետագա գործունեության ընթացքում:

Դիմորդներն ընդունվում են լավ մասնագետ դառնալու ակնկալիքով, ինչը, կարծում եմ՝ բավարարվում է ուսումնառության ընթացքում:

-Քոլեջն ընդլայնում է միջին մասնագիտական կրթություն իրականացնելու շրջանակը: Որո ՞նք են քոլեջի առաջնահերթությունները:

-Վերջին 4 տարում քոլեջի ուսանողների թիվն աճել է մի քանի անգամ: Ներդրվել է «Պրոթեզիստ-օրթեզիստ-տեխնիկ» մասնագիտությունը: Նախկինում Հայաստանում պրոթեզիստների միջին մասնագիտական կրթություն չի իրականացվել: Այն արդի դարձավ 44-օրյա պատերազմից հետո: Քոլեջի առաջին շրջանավարտները բարեհաջող ավարտելուց հետո՝ աշխատանքի են անցել «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում: Լավագույն շրջանավարտները հնարավորություն ունեն իրենց ստացած գիտելիքը փոխանցել այս մասնագիտությունն ընտրած հաջորդ սերունդներին:

Իսկ այս ուսումնական տարում կներդրվի «Ստոմոտոլոգիական գործի բուժքույրեր» մասնագիտությունը: Ուսումնասիրելով աշխատաշուկան՝ հաշվի առնելով նաև միջազգային փորձը, հասկացանք, որ մեր երկրում կրթական առումով այդ ոլորտը բաց է: Ձեռնամուխ եղանք ներդնել այդ ուղղությունը. առաջին կուրսից ուսանողները ձեռք կբերեն մասնագիտական հմտություններ, որոնք առաջնային են որպես ստոմոտոլոգի բուժքույր աշխատանքի համար:

-Ի՞նչ առավելություններ ունեն այստեղ սովորող ուսանողները: Ավարտելուց հետո ի՞նչ հնարավորություն են ստանում շրջանավարտները:

-Ոտք դնելով ԵՊԲՀ դառնում են հերացիական՝ հետագայում իրենց գործունեությունը ծավալելով մեր հիվանդանոցներում: Համալսարանական երեք հիվանդանոցներում, գրեթե բոլոր մասնագետներին, ատամնատեխնիկները՝ ստոմոտոլոգիական կլինիկաներում, բուժքույրները՝ հիվանդանոցներում, լաբորատոր ախտորոշողները՝ լաբորատորիաներում աշխատելու հնարավորություն է տրվում:

Ամեն տարի շրջանավարտները համալրում են բուժանձնակազմի շարքերը:

– Շրջանավարտները հնարավորություն ունե՞ն կրթությունը շարունակել բուհում:

– Հիմնական ընդհանուր կրթական հիմքով ընդունվածների (9-րդ դասարանի) մեծ մասը՝ գրեթե 90 տոկոսը, ցանկանում են կրթությունը շարունակել ԵՊԲՀ-ում: 2020 թվականին արված կրթակական ծրագրերի փոփոխության արդյունքում 2024 թվականի գերազանց առաջադիմությամբ շրջանավարտներն իրավունք են ստացել կրթությունը շարունակել ԵՊԲՀ համապատասխան ֆակուլտետի 2-րդ կուրսում: Սա արդարացված որոշում է, քանի որ ուսումնառության 4 տարվա ընթացքում ուսանողը, որպես հերացիական, կոփվում է և կարող է  դառնալ բժշկական համալսարանի ուսանող:

Միջնակարգ ընդհանուր կրթական հիմքով ընդունվածների (12-րդ դասարանի) մեծ մասն աշխատանքի է անցնում համալսարանական բուժհաստատություններում:

-Ո՞ր մասնագիտություններն են առավել պահանջված:

-Դիմելիությունը բարձր է «Քույրական գործ», «Ատամնատեխնիկական գործ», մասնագիտություններով, վերջին տարում՝ նաև «Դեղագործություն» մասնագիտությամբ: Բժշկական համալսարանի ռազմավարության շրջանակում առաջնահերթություն է միջազգային շուկա կրթության արտահանման հարցը, ինչը մեզ կդարձնի ավելի մրցունակ:

Մենք շարունակում ենք ընդլայնել արտերկրի գործընկերների շրջանակը, մասնավորապես, Գերմանիայի Դաշնության քոլեջների հետ: Նպատակ ունենք կրթական ծրագրերի, ուսանողների փոխանակման ծրագրեր իրականացնել:

Դա  հնարավորություն կտա զարգացնել իմացությունը, գործնական հմտությունները, ինչպես նաև այնտեղի փորձը կներդրվի այստեղ:

-ԵՊԲՀ քոլեջն ունի՞ ուսանողներ արտասահմանից:

-Այս պահին քոլեջն ունի շուրջ 70 ուսանող արտերկրից: Կարևոր ենք համարում քոլեջում անգլալեզու և ռուսալեզու կրթական ծրագրերի ներդրումը, ինչը հնարավորություն կտա մեզ դառնալ միջին մասնագիտական կրթությունն արտահանող կրթական կառույց: