ԵՊԲՀ քոլեջի շրջանավարտները ստացան ավարտական վկայականները հանդիսավոր պայմաններում:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ողջունելով ներկաներին` շրջանավարտներին շնորհավորեց ավարտական քննությունները բարեհաջող հանձնելու և սպիտակ բանակի կազմը համալրելու առթիվ:
«Բարձր եմ գնահատում բուժքույրերի աշխատանքը, որոնք աննկատ, ամենօրյա սխրանքներով, իրականացնում են այն համալիր գործողությունները, որի արդյունքն առողջացած պացիենտն է», -ասաց բուհի ղեկավարը՝ գերազանց առաջադիմությամբ ավարտած շրջանավարտներին անձամբ հանձնելով կարմիր դիպլոմները:
Արմեն Մուրադյանը հավաստիացրեց, որ յուրաքանչյուր բժիշկ բուժքույրերի դերը և կատարած աշխատանքը նվազ չի կարևորում, որքան ինքը:
Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանն ընդգծեց միջին բուժաշխատողների ուրույն տեղը բժշկական համայնքի շարքերում:
«Ձեր տքնաջան, ազնիվ ու դժվար աշխատանքով օգնելու եք հանրային առողջապահության գործունեությանը»,- նշեց պրոռեկտորը՝ հավելելով, որ բուհի և քոլեջի ղեկավարության համատեղ ջանքերի շնորհիվ քոլեջը գերազանց առաջադիմությամբ ավարտած շրջանավարտները հնարավորություն կունենան համալրել բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորողների շարքերը:
Լարիսա Ավետիսյանը տեղեկացրեց, որ ԿԳՄՍ նախարարությունն այս տարի հնարավորություն է ընձեռել ներդնել ևս մեկ` «Ստոմոտոլոգիական գործի բուժքույրեր» մասնագիտությունը:
«Փորձարարական կերպով այն իրականացնելուց հետո, Հայաստանում առաջին անգամ կպատրաստվեն այդ որակավորմամբ մասնագետներ»,-հավելեց նա՝ շեշտելով, որ այն կյանքի է կոչվել պրոֆեսորադասախոսական կազմի քրտնաջան աշխատանքի արդյունքում:
ԵՊԲՀ քոլեջի տնօրեն Ալեքսան Հովհաննիսյանը շրջանավարտներին մաղթեց, որ լինեն ամուր, վստահ և միանան բժշկական համայնքին՝ չմոռանալով ուսուցիչներին:
Միջոցառումը եզրափակեց Հայոց լեզվի ամբիոնի վարիչ Հենրիետա Սուքիասյանը՝ շեշտելով բժշկապետ Հիպոկրատի խոսքերը: «Ձեր ընտրած մասնագիտությունն ամենաազնվագույնն է բոլոր մասնագիտությունների շարքում, քանի որ դուք զբաղվելու եք ամենաօգտակար և շնորհակալ գործով` մարդկանց ապաքինելով, որի համար արժանանալու եք երախտագիտության խոսքերի: Ձեզ վստահված աշխատանքը վատ կատարելու իրավունքը չունեք»,- ասաց Հայոց լեզվի ամբիոնի վարիչը՝ շրջանավարտներին հիշեցնելով, որ յուրաքանչյուր պացիենտ բուժումը սկսվում է բժշկի բարի ժպիտից:
Նշենք, որ 2023-2024 ուսումնական տարում ԵՊԲՀ քոլեջն ավարտեց 228 շրջանավարտ՝ «Քույրական գործ», «Ատամնատեխնիկական գործ», «Դեղագործություն», «Լաբորատոր ախտորոշում», «Բուժական գործ», «Պրոթեզիստ-օրթեզիստ-տեխնիկ» մասնագիտություններով: