Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ ռեկտոր վերընտրվեց Արմեն Մուրադյանը

«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի դեկտեմբերի 15-ին հրավիրված հոգաբարձուների խորհրդի նիստում անցկացվեց ռեկտորի մրցութային ընտրություն:

 

Հոգաբարձուների խորհրդի 20 անդամից ներկա էր 19-ը, որից 1-ը բացակա էր հարգելի պատճառով: Փակ գաղտնի քվեարկությամբ միաձայն ԵՊԲՀ ռեկտոր ընտրվեց թեկնածու Արմեն Աբգարի Մուրադյանը:

Շնորհակալություն հայտնելով բժշկական համալսարանի ղեկավարումը իրեն կրկին վստահելու համար` Արմեն Մուրադյանը ներկայացրեց առաջիկա 5 տարիների զարգացման ծրագիրը` ընդգծելով հատկապես բուհի միջազգայնացման աշխատանքների շարունակականության ապահովման անհրաժեշտությունը:

 

Բժշկական կրթության որակի բարձրացումը և միջազգային որակի կրթության տրամադրումը մշտապես եղել է համալսարանական մեծ թիմի ուշադրության կենտրոնում: Նախանշվածի համաձայն` ավելացվել է օտարերկրացի ուսանողների թիվը` ընդլայնելով երկրների աշխարհագրությունը:

 

Կորոնավիրուսային համավարակի և պատերազմի դժվարին ժամանակահատվածում բժշկական բուհը՝ ի դեմս պրոֆեսորադասախոսական, վարչական կազմի, ապագա բժիշկների, հսկայական աշխատանք է իրականացրել:

 

Փորձությունների միջով պատվով անցնելով` մեկդարյա պատմություն ունեցող կրթական հաստատությունը առաջիկայում ևս պատրաստ է աշխատել ուժերի գերլարմամբ` հաղթահարելով առաջընթացին միտված նոր մարտահրավերներ:

 

Նշենք, որ Արմեն Մուրադյանը 2016թ. նոյեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի 29-ը զբաղեցրել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնը, իսկ 2016թ. դեկտեմբերի 29-ից համալսարանի ռեկտորն է:

 

Պրոֆեսոր Մուրադյանը բժշկական կադրերի 100-ամյա դարբնոցի 22-րդ ռեկտորն է: